‘Մոսկվան Փհենյանին կոչ է անում հրաժարվել միջուկային զենքից և բոլոր ռազմական ծրագրերից’

757

Մոսկվան Փհենյանին կոչ է անում հրաժարվել միջուկային զենքից և բոլոր ռազմական հրթիռամիջուկային ծրագրերից, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Հունվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց 2087 բանաձևը՝ 2012 թ. դեկտեմբերի 12-ին ԿԺԴՀ-ում իրականացված՝ հրթիռի արձակման վերաբերյալ: Փաստաթղթում նախատեսված լրացուցիչ պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ  հստակ կապված են միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ստեղծման՝ հյուսիսկորեական ծրագրերը դադարեցնելու անհրաժեշտության հետ և չեն շոշափում բնակչության՝ մարդասիրական օգնություն և տնտեսական օժանդակություն ստանալու կենսական պահանջմունքները»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Մոսկվայում սկզբունքորեն ճիշտ են համարում, որ «բանաձևում հստակ նշվում է, թե Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվելիք բոլոր պատժամիջոցները չպետք է բացասաբար անդրադառնան այդ երկրում գործող արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների կենսագործունեությանը»,- ընդգծվում է   ԱԳՆ փաստաթղթում: «ԿԺԴՀ-ի մեր գործընկերներին կոչ ենք անում ճիշտ ընկալել միջազգային հանրության՝ բանաձևում արտացոլված կամքը, հրաժարվել միջուկային զենքից և բոլոր ռազմական հրթիռամիջուկային ծրագրերից, վերադառնալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ռեժիմին, միանալ Միջուկային փորձարկումների համատարած արգելման պայմանագրին»,- ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում: 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի թենիսի բաց առաջնության 10-րդ օրը՝ տեսաշարով’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը հաղթեց Վան Հաոյին’