‘Մոսկվա-Երևան չվերթի ծեծկռտուք հրահրած ուղևորը չի ձերբակալվել՝ նա վարչական պատասխանատվության է ենթարկվել’

1204

S7 ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթի ուղեւորներից մեկի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, արձանագրությունը կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 119 հոդվածի համաձայն: «Պատճառը եղել է այն հայ ուղևորը, ով օդանավում չի ենթարկվել անհրաժեշտ կանոններին, չի նստել»,- նշեց Արմեն Մալխասյանը` հավելելով, որ ուղեւորը չի ձերբակալվել: Նա նաև տեղեկացրեց, որ արձանագրությունն ուղարկվել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն:

Հիշեցնենք, որ այսօր Риа-Новости գօրծակալությունը հայտնել էր, որ S7 ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Երբ ինքնաթիռը վայրէջքի է նախապատրաստվել, ինքնաթիռի ետևի շարքերում ուղևորներից մեկն արձակել է ամրագոտին, վեր թռել տեղից ու հարվածել կողքինի դեմքին: Ուղեկցորդուհիները փորձել են հանդարտեցնել ուղևորներին և բոլորին հորդորել են զբաղեցնել իրենց տեղերը, սակայն ոչ անձնակազմի, ոչ էլ մյուս ուղևորների հորդորները չեն ազդել կռվազանների վրա:

Ծեծկռտուքն սկսողը նույնիսկ սկսել է հարձակվել բոլոր նրանց վրա, ովքեր իրեն դիտողություն են արել: Վայրէջքից  առաջ, ի վերջո, նրան կարողացել են տանել բիզնես-դասի սրահ, որտեղ ոչ ոք չկար, և պահել այնքան ժամանակ, մինչև ինքնաթիռն ավարտի վայրէջքը, և իրավապահները ժամանեն ու ձերբակալեն  կռվարար ուղևորին:

Միջադեպի ընթացքում ուղևորները ուղեկցորդուհիներին խնդրել են էլեկտրաշոկ կիրառել, սակայն վերջիններս հրաժարվել են դա անել:

Նախորդ հոդվածը‘Սոչի-2014-ի Օլիմպիական ջահը` սկանդալի կենտրոնում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Բրոքերների ահազանգը. Այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար’