‘Մովսես Հակոբյան. Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագող երկրներին’

994

Ադրբեջանը զինադադարի կնքումից ի վեր փորձում է տարբեր ճանապարհներով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հօգուտ իրեն՝ շանտաժի ենթարկելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք 20 տարիների ընթացքում փորձում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Չնայած որ 22 տարի առաջ մենք կնքել ենք զինադադար, բայց այդ զինադադարից հետո տարեցտարի աճում է լարվածությունը առաջին գծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց, որ Պաշտպանության բանակը պատերազմից հետո չի լուծարվել և հիշեցրեց, որ Ադրբեջանի խնդրանքով է զինադադարը կնքվել. իրենք են խնդրել ՌԴ-ին՝ միջնորդելու, որ հրադադար հաստատվի։ Պաշտպանության բանակը դրանից հետո սկսել է մի նոր փուլ, և այդ փուլի ընթացքում սկսել է բանակաշինության նոր գործընթաց:

Պաշտպանության բանակի գործունեությունն ուղղված է նրան, որ հակառակորդին պարտադրի պատերազմ չսկսել։ Հակոբյանի խոսքով՝ 1992 թվականին ուժերի հարաբերակցությունը եղել է 1/20` հօգուտ Ադրբեջանի, այսօր ուժերի, միջոցների հարաբերակցությունը 1/2-ի է:

ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ ԼՂՀ-ում բոլոր այն քաղաքացիները, ովքեր ենթակա են զինապարտության, յուրաքանչուրը գիտի, թե պատերազմի ժամանակ որ ժամին որտեղ պիտի ներկայանա։

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր’
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ» լրագրողը դիմել է դատարան. «Հրապարակ»’