‘Մոր կոճակ կտրող, աչքի սուրմա թռցնող’

3460

 «Нам как-то неудобно было куда-то вступать,

ведь, вступая, можно на что-то наступить»…

Վիկտոր Չեռնոմիրդին

Սերժ Սարգսյանին ու իր կառավարությանը անհրաժեշտ է «պատշաճ հարգանքի»  արժանացնել. ռուսները ցայսօր փորձում են հասկանալ՝ ինչ ասել կուզեր Չեռնոմիրդինն իր հայտնի թեւավոր խոսքով, որ նյութի բնաբանում ենք մեջբերել, իսկ սրանք, ահա, ոչ միայն  դրա ինչ լինելը բացահայտեցին, այլեւ համաշխարհային մասշտաբով ընկալելի դարձրին նույն մարդու մեկ այլ թեւավոր մտքի էությունն ու դրա հնարավոր լինելն ընդհանրապես՝ «Не было никогда такое, и вдруг – опять случилось» …

Եւ իսկապես. միայն վերջին երեք տարվա ընթացքում այդպիսի լրատվամիջոց չկա, որն անդրադարձած չլինի ռուսական գազի թանկացման թեմային: Զուգահեռաբար՝ չկա նաեւ կառավարական մի մեկնաբանություն կամ հարցազրույց, որում, նույնիսկ վարչապետի մակարդակով, այդ լուրը հերքված չլինի:

Եւ ահա, պուտինյան այցը բացահայտեց, որ գազը ոչ միայն թանկացել է, այլեւ թանկացել կամ վերանայվել է մի՛ քանի անգամ: Այլ խոսքով՝ նույնիսկ համառորեն ոչինչ չտեսնողների համար օրվա լույսի պես պարզ դարձավ, որ թեկուզ միայն այս հարցի օրինակով՝ Սերժ Սարգսյանի կառավարությունը բացառապես ստախոսներից է կազմված: Ընդ որում, չգիտակցելով, թե ինչ է անում, կրակի վրա յուղ լցրեց հատկապես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի՝ մի քանի ԶԼՄ-ների տված հարցազրույցը:

«…Նախկին հինգ տարվա ընթացքում մենք հինգ անգամ գնի փոփոխություն ենք ունեցել, եւ եթե սպառողի վրա դա ամեն անգամ չի անդրադարձել գնի բարձրացմամբ, ապա ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով դա հնարավոր է եղել փոխհատուցել՝ առանց սպառողի շահերին հարվածելու: Իհարկե, դա ստեղծել է լրացուցիչ բեռ տնտեսության համար, բյուջեի համար…»,- խոստովանել է Վիգեն Սարգսյանը՝ իր նախագահից սկսած, բոլոր՝ «նման բան չկա» ասողներին անհարմար դրության մեջ դնելով…

Ինչ է սա նշանակում՝ անկհայտ է. կառավարությունը հինգ տարի շարունակ խաբել է սեփական ժողովրդին, թե գազի գնի վերանայում տեղի չի ունեցել, այդ ընթացքում, մեր իսկ վճարած հարկերից, սուբսիդավորել է մեզ, իսկ արդյունքում, ինչպես էլի՛ Վիգեն Սարգսյանն է խոստովանում, մեր պետությանն ու բոլորիս հերթական տխուր փաստի առաջ է կանգնեցրել՝ հինգ տարվա սուբսիդավորման դիմաց ռուսներին հանձնելով Հայռուսգազարդի հայկական 20% բաժնեմասը: Որքան է կազմել սուբսիդավորումը այս տարիների ընթացքում, ինչ արժեր այդ բաժնեմասը, ինչպես են հաշվարկել մեկ բաժնետոմսի գինը, վաճառել են ընդհանրապես, թե պարզապես նվիրել են գազի գնի հետագա հինգ տարիների չթանկացման դիմաց՝ ոչ ոք ոչինչ չգիտի: Ինչպես սրանց պարագայում՝ ցանկացած հարց՝ այս մե՛կն էլ թանձր մշուշով է պատված…

Բայց երանի անհասկանալի խնդիրները միայն այսքանով ավարտվեին: Եթե հիշում եք՝ առնվազն չորս-հինգ անգամ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից ԱԺ-ում պահանջեց հրապարակել այն պայմանագիրը, որի համաձայն՝ գազի սակագինն ավելացել էր սպառողներիս համար: Փոխանակ պայմանագիր ներկայացնելու՝ վարչապետը կա՛մ խուսանավում էր հարցից, կա՛մ նույնիսկ տպավորություն էր ստեղծում, թե իրականում չկա՛ նման պայմանագիր:

Իսկ, ահա, Վիգեն Սարգսյանի անակնկալ անկեղծության արդյունքում (այլ հարց է, թե ի պաշտոնե պատշա՞ճ է, արդյոք, վարչապետի փոխարեն՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի այսօրինակ անկեղծացումը) պարզում ենք, որ ոչ միայն նման պայմանագիր կա, այլեւ դրանում ռուսական գազի գինը 30 %-ով ավելի բարձր է ամրագրված եղել,  քան այն գինը, որը հաշվարկվել  է գազի սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ:

Ասել կուզի՝ կառավարությունը կրկին գնացել է դրա մի մասի սուբսիդավորման ճանապարով, եւ ահա թե ինչու, այնուամենայնիվ, սպառողի համար գազի սակագինը կշարունակի նույն կերպ բարձր լինել նույնիսկ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից հետո, թե այսուհետ ՀՀ-ին գազ կտրամադրվի ռուսական ներքին գներով:

Հիմա դժվար է, իհարկե, ասել, թե ինչ ասել է ռուսական ներքին գին, որովհետեւ այդ երկրի ամենատարբեր տարածքներում տարբե՛ր ներքին գներ կան, բայց դե այստեղ հո տրամաբանությո՞ւնը չի կարեւորվում: Կարեւորը հրապարակային հայտարարությունն է ինչպես Պուտինի, այնպես էլ Վիգեն Սարգսյանի պարագայում:  

«Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկվել է 189, որը և եղավ այն թիվը, որի վրա կարողացանք կանգ առնել, բանակցել եւ պայմանավորվել երեկ ռուսական կողմի հետ: Եթե այդ բանակցությունները հաջողությամբ չավարտվեին, ապա կարող էր առաջանալ սակագնի հերթական վերանայման կարիք, որից կարողացանք խուսափել ոչ միայն ներկայի համար, այլեւ առաջիկա հինգ տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ իր կարծիքով՝ պատվանդանի վրա դնելով «մոր կոճակ կտրող, աչքի սուրմա թռցնող» այս կառավարության գործելակերպը: Երեւի նույնիսկ մարդն առնվազն շնորհակալություններ է ակնկալում նման հերոսության դիմաց՝ ո՞վ գիտե…

Ի դեպ, հերոսության մասին: Եթե հիշում եք՝ 2009-ի տնտեսական ճգնաժամը վերացնելու եւ փոքր ու միջին բիզնեսին, իբր, ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՌԴ-ից 500 մլն. դոլարի վարկ էր վերցրել: Ճիշտ է՝ վարկը վերցնելուց անմիջապես հետո պարզ դարձավ, որ իրականում որեւէ ծրագիր չկա, թե այդ փողերն ուր են ուղղվելու, եւ մինչեւ այսօր էլ հայտնի չէ, թե ինչ արեց կառավարությունն այդ վարկի հետ, բայց ահա Վիգեն Սարգսյանի խոստովանությամբ՝ ժամանակից շուտ եւ իբրև թե տնտեսության նորմալ զարգացման վկայություն՝ փակվել է նաեւ ա՛յս մի վարկը: Ինչ միջոցներով՝ չի կոնկրետացնում, որ ե՛ւ շնորհակալության առիթը կոնկրետ լինի, ե՛ւ այն ճյուղը, որը թեկուզ մեկ միլիմետր աճ է գրանցել այս վարկի հաշվին:

Իհարկե, չի՛ կոնկրետացնի: Չի անի Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը նման բան, որովհետեւ այդկերպ կարող էր հանկարծ ու պարզվել, որ միայն այսպիսի խեղկատակ կառավարությունը կարող էր, հայտնի անեկդոտի նմանությամբ, տաքսու փողը վճարել ու դրա ծառայություններից չօգտվել…

Դատեք ինքներդ. Տիգրան Սարգսյանը բավական բարձր՝ 5-6%-ով 500մլն. դոլարի եվրոբոնդեր է թողարկել 10 տարի ժամկետով, եւ ահա այդ փողերով որոշել է սպասարկել…մեր արտաքին պետական պարտքը: Տվյալ դեպքում՝ ռուսակա՛ն պարտքը: Ընդ որում՝ այնպիսի պարտքը, որը համարյա կիսով չափ ավելի էժան կնստեր մեր պետբյուջեի վրա, քան դրա՝ եվրոբոնդերով մարումը:

Եւ սա՝ այն դեպքում, երբ 2011թ. հոկտեմբերի 6-ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում, Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարության ծրագրերում ընդհանրապես եվրոբոնդերի ներգրավման խնդիր չի նշմարվում: «Մենք ֆինանսական միջոցներ ենք ստանում ավելի արտոնյալ պայմաններով, քան կարող ենք ստանալ եվրոբոնդերի թողարկման դեպքում»,- ասել էր վարչապետը՝ միաժամանակ վստահեցնելով, որ եթե հանկարծ երբեւէ կառավարությունը հանգի եվրոբոնդեր թողարկելու անհրաժեշտության մտքին, միեւնույն է, բացառվում է, որ դրանցով համալրի բյուջեի դեֆիցիտը կամ ավելացնի արտաքին պարտքը: «Դա նպատակահարմար չէ այն պարզ պատճառով, որ եվրոբոնդերի տոկոսները շատ բարձր են, եւ դա կավելացնի մեր պարտքային բեռը: Մենք հակառակ քաղաքականություն ենք վարում», — հատարարել էր վարչապետը:

Հանգամանք, ինչն ավելորդ անգամ գալիս է ապացուցելու, որ բացառիկ ստախոսներից ու անձեռնհասներից կազմված այս իշխանությանը օր առա՛ջ է պետք ցտեսություն ասել…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Ցույց՝ կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ա. Մանուկյան. Ինչո՞ւ է Հայռուսգազարդի 20%-ի փայատեր Կառավարությունը փոխհատուցում 100-ի դիմաց. Տեսանյութ’