‘Մութ հանգամանքներ՝ փակ «ասուլիսից» ‘

2269

Սերժ Սարգսյանը երեկ ըստ էության փակ ասուլիս է տվել նախագահականում, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել միայն ու բացառապես կոնկրետ մի քանի լրատվամիջոցներ:

Եթե տեղի ունեցածը համարենք ասուլիս, ապա սա 2008-ից ի վեր Սերժ Սարգսյանի երրորդ ասուլիսն էր: Առաջին ասուլիսը, (նորից, բնականաբար, միայն ընտրյալ լրատվամիջոցների համար) Սարգսյանը տվել էր 2008-ին՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, եւ վերջին անգամ 2009-ին՝ պաշտոնավարման մեկ տարին լրանալու կապակցությամբ:

Ասուլիսի հետ կապված մի շարք տարօինակ հանգամանքներ կան, որոնց չանդրադառնալ չենք կարող: Մասնավորապես, երեկ մինչեւ ուշ երեկոյան հեռուստաընկերությունները միայն «պատմում էին» Սերժ Սարգսյանի ասուլիսը, փոխանցում էին, փոխադրում էին, վերապատմում եւ ներկայացնում էին, բայց որեւէ կադր, որեւէ տեսնայութ այդպես էլ չհայտնվեց էկրաններին: Ավելին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Սերժ Սարգսյանի ասուլիսը պատմող Արտակ Ալեքսանյանը տեսանյութի բացակայությունը հիմնավորեց նրանով, որ ասուլիսը շատ երկար է եղել, տեւել է 2.5 ժամ, եւ հիմա տեսանյութը մոնտաժվում է: Բայց, վերջինս մոռացավ նշել ամենակարեւոր հանգամանքը, թե կոնկրետ որտեղ է մոնտաժվում տեսանյութը եւ ով է այն նկարահանել:

Քիչ առաջ iLur.am-ի հետ զրույցում «Երկիր Մեդիա հ/ը-ի լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն ասել է, որ ասուլիսի տեսանկարահանումն իրականացրել է միայն նախագահականի մամլո ծառայությունը, որը եւ խոստացել է ավելի ուշ հեռուստաընկերություններին ուղարկել ասուլիսի տեսագրությունը: Մինչ Մանուկյանի կողմից տրված մեկնաբանությունը, տեսագրությունը հեռուստաընկերություններին այդպես էլ չէր ուղարկվել:

Չնայած, եթե ուղարկվի էլ, դրանից ի՞նչ օգուտ կամ ի՞նչ տարբերություն. միեւնույն է՝ տեսանյութը մոնտաժվում է մեկ վայրում, եւ եթե հեռուստաընկերությունները եթեր հեռարձակեն այն, միեւնույն է՝ նույն բանն են հեռարձակելու: Անհասկանալի է, ընդհանրապես, թե ինչպես են հեռուստաընկերությունների ղեկավարները համաձայնել նման ստորացուցիչ պայմաններով «ասուլիսի» մասնակցել, քանի որ արդյունքնում ստացվել է, որ մասնակիցների մեծ մասը «ասուլիս» ներկայացման համար օգտագործվել է որպես «բուտաֆորիա» կամ, ավելի շուտ՝ «մասսովկա»:

Տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ «ասուլիսի» օրը կայանալիք միջոցառման վերաբերյալ կցկտուր տեղեկություններ էին հրապարակվում: Մասնավորապես նշվում էր, թե դրան մասնակցելու են միայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Ասուլիսի մեկնարկից քիչ անց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե այս ասուլիսին մասնակիցների մեջ «գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները»:  Ապա Արզումանյանն ասել է, որ հաջորդ հանդիպմանը Սարգսյանը մտադիր է հրավիրել նաեւ համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ՝ տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Հիմա նայենք հանդիպման մասնակիցների ցանկը. 7 հեռուստաընկերություն, 4 թերթ, եւ մեկ ռադիոակայան: Այսինքն, հանդիպմանը մասնակցել են ոչ միայն հեռուստաընկերությունների, այլ նաեւ տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:  Այդ պարագայում անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հանդիպման մասնակիցները՝ լսարանի մեծությա՞մբ, տպաքանակո՞վ, վիճակահանությա՞մբ, թե՞ պատահական սկզբունքով, կամ գուցե՞ այբբենական կարգով: Ինչպես տեսնում ենք, որեւէ հիմնավոր պատճառ չի էլ նշմարվում, որով կարելի է բացատրել ասուլիսի ֆորմատն ու մատուցման եղանակը: Այն պարզապես վիրավորական էր: Եթե բանը հասել էր այնտեղ, որ Սարգսյանը խոսելու բան ուներ, բայց ասուլիս հրավիրելու ոչ մի «ճար ու հնար» չկար, կարող էր վերջերս մոդայիկ դարձած եղանակով նստել համակարգչի դեմ ու խոսեր հանրության հետ: Ինքը թեման առաջ բերեր, ինքը պատասխաներ: Գոնե կասեինք՝ նորարարություն է արել, ոչ թե ասուլիսի անհաջող իմիտացիա:

Հ.Գ. Սարգսյանի «ասուլիսի» քաղաքական պահն էլ պակաս կարեւոր չէ, բայց այդ մասին, քիչ ավելի ուշ:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Գոհար Վեզիրյան. Ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ’
Հաջորդ հոդվածը‘Այ Վեյ Վեյի 900 քառակուսի մետր մակերեսով նոր ստեղծագործությունը նվիրված է Չիլիին’