‘Մուսինյան. Բաքվի ագրեսիային դիմակայելու համար պետք են քաղաքական փոփոխություններ’

2564

Ադրբեջանի լկտի պահվածքին դիմակայելու համար Հայաստանին պետք են առաջին հերթին քաղաքական փոփոխություններ, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա խոսքով, անցնող 2015 թվականը առանձնացավ նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում լարվածությամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրում, Ղարաբաղյան ճակատում լարվածության ահագնացող աճ:

«Հայաստանի Զինված ուժերը եւ ԼՂՀ Պաշտպանության բանակը մինչ օրս պատվով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը՝ պաշտպանում են մեր սահմանները: Ցավոք, կորուստների գնով: Այս լարվածության աճը մտածելու տեղիք է տալիս, որ մեր պաշտպանունակությունն ուժեղացնելու եւ Ադրբեջանի լկտի պահվածքին դիմակայելու համար Հայաստանին պետք են առաջին հերթին քաղաքական փոփոխություններ: Երկրին պետք են լեգիտիմ իշխանություններ, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություններ՝ սա էապես կբարելավի Հայաստանի պաշտպանունակությունը», — նշեց Մուսինյանը:

Նրա խոսքով, քաղաքական ընդդիմությունն ու Հայաստանի քաղաքացիները շուտափույթ պետք է լծվեն այս խնդրի լուծմանը:

 

Պատիժը կստիպի ընտրակեղծարարներին ավելի երկար մտածել

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված ընտրախախտումների փաստերով հարուցված քրեական գործերին, Մուսինյանը նշեց, որ այս պահին 47 գործ է հարուցվել, առաջիկայում նոր հաղորդումներ են լինելու: Նրա խոսքով, դատախազության վարքագծից պարզ կդառնա, թե որքանով են իրավապահները պատրաստ պատշաճ կերպով արձագանքելու  ընտրախախտումների դեպքերին:

«Իհարկե, հարուցված գործերով պատժվելու են երկրորդական դերակատարում ունեցող կեղծարարները, իրական քվեագողերը շատ ավելի բարձր մակարդակի վրա են՝ սկսած Սերժ Սարգսյանից, սակայն այս քրեական գործերը եւ համարժեք պատիժները հետագայում կստիպեն լոկալ մակարդակի ընտրակեղծարարներին՝ կեղծիքներ գործելուց առաջ ավելի երկար մտածել», -ասաց Արման Մուսինյանը: 

Նախորդ հոդվածը‘Սահմանին զինվոր է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Պարտավոր ենք հաղթել «Սթոք Սիթիին»»’