‘Մուրադ Գրիգորյան. Հրահանգում են ամեն գնով քվեներ ապահովել իշխանական թեկնածուի օգտին’

896

Համայնքապետերին զգուշացնում են, որ իմ հանդիպումներին ներկա չգտնվեն, Հանրապետական կուսակցության գրասենյակում համայնքապետերին ու դպրոցների  տնօրեններին հրահանգում են իշխանական թեկնածուի օգտին ամեն գնով քվեներ ապահովել՝ օգտագործելով վարչական բոլոր լծակները: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրին ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ պատգամավորության թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

«Հրավիրել են իրենց մոտ ոստիկանության սպաների, բնականաբար` համապատասխան հրահանգավորմամբ: Մի խոսքով՝ իրենց ամբողջ ընտրարշավը գնում է վարչական ռեսուրսի օգտագործման հիման վրա»,- նշեց Գրիգորյանը:

Մեր այն հարցին, թե այս խախտումների վերաբերյալ դիմե՞լ են համապատասխան մարմիններին, Գրիգորյանն ասաց, որ իր թվարկած մարմինները հենց այն մարմիններն են, որոնք կոչված են, որ նման խատումների դեպքում դիմեն իրենց:

«Ո՞ւմ դիմենք, իրենց դիմենք իրենց խախտումների դե՞մ: Դիմենք, թե ոստիկանության սպաներն ինչ գործ ունեն մարզպետարանի կրթության վարչությունո՞ւմ»:

Ըստ Մուրադ Գրիգորյանի՝ այս ընտրախախտումների դեմ պայքարելու են իրենց ունեցած մարդկային, լրատվական ռեսուրսներով:

«Պայքարելու ամենաարդյունավետ ձևը համարում ենք անմիջական շփումները ժողովրդի հետ, շարքային ընտրողների հետ՝ բացատրելով, հորդորելով, որ չվախենան այս ողորմելի իշխանություններից»,- նշեց ՀԱԿ թեկնածուն:

Նշենք, որ այս ընտրատարածքում, բացի Մուրադ Գրիգորյանից, առաջադրվել է նաև Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը: Լրացուցիչ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 2-ին: Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով ուսուցչուհու սպանությունը չկանխելու գործը կարճում են’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա վերաքննիչ քրեական դատարանի առջև (տեսանյութ)’