‘Մտահոգնածության ախտանիշները’

1909

Կարելի է ընդհանրապես չանդրադառնալ Սերժ Սարգսյանի արտահայտած որևէ մտքի, սակայն հայրենի քաղաքական վերլուծագանգերը այնպիսի աղմուկ բարձրացրին Սերժ Սարգսյանի՝ Արգենտինայում տված հարցազրույցին, թե իբր Սերժ Սարգսյանը համարձակվել է «թթու խոսք» ասել Ռուսաստանի հասցեին, որ նրա մտքի «գոհարներին» ծանոթանալու գայթակղությանը չդիմացա: Այդ դարակազմիկ իրադարձությունը բաց չթողնելու համար համացանցում գտա նշված  հարցազրույցը, որպեսզի սեփական աչքով տեսնելով՝ համոզվեմ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը նմանատիպ բան ասել է, թե՞ ոչ:

Մեկ էլ՝ ինչ եմ կարդում.  որ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Հայ ժողովուրդը շատ է մտահոգ, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին»:

Հիմա մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանին ու նաև այն հանգամանքը, թե նա որտեղից կարող է իմանալ հայ ժողովրդի «մտահոգվածության» մասին, չնայած, մյուս կողմից էլ՝ նույն Սերժ Սարգսյանը չէ՞ր հայտարարել, որ հայ ժողովրդի 80  տոկոսը դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտկային օրենքին: Բայց, ի վերջո, նույն Սերժ Սարգսյանի համաձայնությամբ այն ընդունվեց:

Անդրադառնանք մեր վերլուծագանգերին, թե նրանք ինչի՞ց եզրահանգում արեցին, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի վերաբերյալ վատ է արտահայտվել, կամ, ավելի մեղմ ասած՝ «ըմբոստացել» է Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ:

Հիմա, եթե երկրի նախագահ համարվող մեկը իր երկրի թշնամի համարվող երկրի կողմից զենքի ձեռքբերումը միայն մտահոգիչ է համարում, ու այդքանով հանդերձ էլ այդ մտահոգությունը չի արտահայտում իր սեփական անունից, այլ «հայ ժողովրդի», դրանից ինչպե՞ս կարելի է եզրակացնել, որ նա ընդդիմացել է այդ գործարքին:

Ինչ-որ մի բանից կարող է մտահոգվել մեր երկրորդ հարկի հարևանուհին, երբ ջուրը կտրել են, ու նրա լվացքը մնացել է լվացքի մեքենայի մեջ: Կամ էլ կողքի ավտոտնակի տեր Վալոդ ձյաձյան, որ ավտոն նոր էր լվացել, իսկ ամպերը երկնքում գոռում են: Կամ դասից փախած Վարդանիկը, որ «մտահոգված» է, թե ընկեր Մարգոն կարող է քառորդը ցածր փակել… Բայց երկրի ղեկավար համարվող անձը, եթե այլ երկրի քաղաքականության մասին դիրքորոշում է հայտնում, պետք է այդ բանն անի, նախ՝ իր անունից, հետո էլ՝ հստակություն մտցնի երկրի դիրքորոշման մեջ:

 

Եթե իրականում Սերժ Սարգսյանը ցանկանում էր իր վերաբերմունքն արտահայտել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքին, նա կարող էր «մտահոգ» բառի փոխարեն՝ օգտագործել «Հայաստանը դատապարտում է նշված գործարքը», կամ՝ «Հայաստանն անթույլատրելի է համարում ռազմավարական գործընկերոջ կողմից այդպիսի գործելաոճը», կամ՝ «Հայաստանը ողջունում է Ադրբեջանին զինելու քաղաքականությունը», կամ՝ «Հայաստանը բացատրություն է պահանջում տվյալ գործարքի կապակցությամբ», կամ՝ «Հայաստանին չի հետաքրքրում այլ երկրների ռազմական առևտուրը»… բայց ոչ երբեք  հայ  ժողովուրդը շատ է մտահոգ, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Դե մեր վերլուծագանգերի ու «անկախ մամուլի» դիմաց երևի Սերժ Սարգսյանը համ իրեն «կռուտոյ» սարքելու, համ էլ միաժամանակ խայտառակ չլինելու խնդիր է դրել, իսկ նրանք էլ ավելի լավ լուծում չեն գտել, քան հայ ժողովրդի մտահոգ լինելու թեզն առաջ տանելը:

Երևի Սերժ Սարգսյանը և՛-և՛-ի քաղաքականությունը կառուցել է հենց այս սկզբունքի վրա. մարդը և՛ ցանկանում է, որ Ռուսաստանը չմտածի, թե ինքը կարող է երբևէ դեմ գնալ Ռուսաստանի վարած քաղաքականությանը, և՛ հայ հասարակությանը թվա, թե իբր նա այնքան «կա», որ Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ բացասական է արտահայտվում:

Այս պարագայում միայն կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե մտահոգ է երկրի ճակատագրով, այլ «պո ժիզնի» մտահոգնած, որ չի կարողացել գեթ մեկ անգամ մեր երկրի շահը պատշաճ ներկայացնել: Ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Մալխասյանը կոչ է անում փոխել Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 1129 մարդ’