‘Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե ընդդիմության հետ համաձայնության չգան’

1026

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել, եթե դա մնա երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ժողովրդավարական միջոցը,  ICTVհեռուստատեսության եթերից հայտարարել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն:

Նախագահն ասել է. «Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարողանում համաձայնության գալ, ապա իրավիճակից դուրս գալու միակ ժողովրդավարական ճանապարհը մնում են արտահերթ ընտրությունները»,- ասել է Միրոշնիչենկոն՝ ընդգծելով, որ խոսքը սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանի և նախագահի ընտրությունների մասին է: Ըստ նրա՝ ճգնաժամի լուծման ուժային տարբերակ չի քննարկվում, ինչպես նաև՝ խոսք չկա արտակարգ դրություն հայտարարելու մասին: «Մենք բոլոր հնարավորություններն ունենք ուժային մեթոդով ազատելու վարչական բոլոր շենքերը և նույնիսկ Անկախության մայդանը, բայց ես երբեք դրան չեմ գնա»,- ըստ Միրոշնիչենկոյի՝ ասել է Յանուկովիչը: Փոխանցում է news.mail.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ժամանակն է, որ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար մտահոգ ուժերը կոնկրետ քայլեր ձեռնարկեն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կամերային նվագախումբը բարեգործական համերգ կտա ‘