‘Յանուկովիչ-Ընդդիմություն համաձայնագիրը ստորագրվեց. Փաստաթուղթ’

1514

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում կայացել է Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման Համաձայնագրի ստորագրումը:

Մի կողմից փաստաթուղթը ստորագրել է Յանուկովիչը, մյուս կողմից՝ «ՈւԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշինա»-ից՝ Արսենի Յացենյուկը, եւ «Ազատություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը:

ԵՄ-ի կողմից համաձայնագրի ստորագրումը վկայել են Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Էրիկ Ֆուրնյեն:

Համաձայնագիրը հետեւյալ բովանդակությունն ունի

Մտահոգված լինելով Ուկրինայում ողբերգական դեպքերի ժամանակ մարդկային կյանքի կորստով,

Ձգտելով անհապաղ դադարեցնել արյունահեղությունը

Վճռական տրամադրված լինելով շարունակել ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված ճանապարհը

Մենք՝ ներքոստորագրյալ կողմերս, պայմանավորվում ենք հետեւյալի մասին.

1՝ 48 ժամվա ընթացքում ստորագրվելու եւ հրապարակվելու է հատուկ օրենք, որը պետք է վերականգնի 2004 թվականի Սահմանադրության գործողությունները: Ստորագրող կողմերը 10 օրվա ընթացքում մտադիր են ստեղծել կոալիցիա եւ կազմավորել ազգային միասնության կառավարություն:  

2՝ Սահմանադրական բարեփոխումը, որը պետք է հավասարակշռի նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի լիազորությունները, պետք է սկսվի անհապաղ եւ ավարտին հասցվի 2014 թվականի սեպտեմբերին:

3՝ Նախագահական ընտրությունները կանցկացվեն Ուկրաինայի նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո՝ ոչ ուշ, քան 2014 թվականի դեկտեմբերը:

Ընդունվելու է նոր ընտրական օրենսդրություն, ինչպես նաեւ ձեւավորվելու է ԿԸՀ՝ համամասնական սկզբունքով, ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կանոնների համաձայն:

4՝ Բռնության վերջին գործողությունները քննվելու են իշխանության, ընդդիմության եւ ԵՄ-ի ընդհանուր մշտադիտարկման ներքո:

5՝ Իշխանությունները արտակարգ դրություն չեն մտցնելու: Իշխանությունները եւ ընդդիմությունը զերծ կմնան ուժի կիրառումից:

Գերագույն Ռադան կընդունի պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ 3-րդ օրենքը, որը կտարածվի այն նույն իրավախախտումների վրա, ինչը որ 2014 թվականի փետրվարի 17-ին ընդունված օրենքը:  

Երկու կողմերը լուրջ ջանքեր են գործադրելու քաղաքներում եւ գյուղերում կենսագործունեությունը նորմալացնելու համար՝ վարչական եւ հասարակական շենքերի ազատման, փողոցների եւ հրապարակների ապաշրջափակման միջոցով:

Ապօրինի զենքն եւ զինամթերքը պետք է հանձնվի Ուկրաինայի ՆԳՆ-ին՝ 24 ժամվա ընթացքում: Նշյալ ժամկետի ավարտից հետո ապօրինի զենք կրելու եւ պահելու բոլոր դեպքերը պատժվելու են Ուկրաինայի գործող օրենսդրությամբ: Ընդդիմության եւ իշխանության ուժայինները հետ են քաշվելու հակամարտության դիրքերից: Իշխանությունը իրավապահ ուժ է կիրառելու բացառապես պետական մարմինների շենքերի պաշտպանության համար:

6՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը կոչ են անում անհապաղ դադարեցնել բռնության եւ հակամարտության բոլոր դրսեւորումները:

Կիեւ

Փետրվարի 21

2014 թվական

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Ճգնաժամի հաղթահարման ճանապարհին Ռադան վերադարձրել է 2004-ի Սահմանադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Զ.Թադեւոսյան. Իշխանությունների ախմախության ֆոնին քաղաքական լուրջ պրոցեսներն անխուսափելի են’