‘Յարոսլավլի քաղաքապետի դուստրը կես միլիոն դոլար է թաքցրել ոստիկանությունից’

778

Յարոսլավլի քաղաքապետ Եվգենի Ուռլաշովի դուստրն իրենց բնակարանում խուզարկությունից առաջ հարևանի մոտ  թաքցրել է 500 հազար դոլար, փոխանցում է«Интерфакс»-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին: Ոստիկաններն իմացել են դրա մասին, հայտանբերել գումարը և առգրավել այն:

Յարոսլավլի քաղաքապետին կասկածում են կոռուպցիայի մեջ: Նրա աղջիկը դիմել է հարևանի օգնությանը, երբ իմացել է, որ հուլիսի 3-ի գիշերը ձերբակալել են հորը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցները Ուռլաշովի ներկայությամբ ավարտել են նրա բնակարանի խուզարկությունը և քաղաքապետին տարել են հարցաքննության: Ընդ որում՝ Ուռլաշովն այդ ընթացքում հասցրել է լրագրողներին ցույց տալ իր նախընտրական քարոզչանյութերը և հայտարարել, որ իր ձերբակալությունն իրականում կապված է հենց դրա, այլ ոչ թե կաշառք վերցնելու հետ:

Կաշառակերության գործով, Ուռլաշովից բացի՝ անցնում են նրա մի քանի ենթակաները՝ փոխքաղաքապետը, քաղաքապետարանի պատվերների գործակալության ղեկավարը և քաղաքապետի խորհրդականը: Հետաքննության տվյալներով՝  2012 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. հուլիս կոմերցիոն ֆիրմայի տնօրենից շորթել են 14 միլիոն ռուբլի:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախկին անդամ Ուռլաշովը, որպես անկախ թեկնածու՝ հաղթել է քաղաքապետի ընտրություններում 2012 թ.: Նա  հակասություններ ուներ «Միացյալ Ռուսաստանի» և Յարոսլավլի մարզի ղեկավարության հետ և մտադիր էր գլխավորել «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ցուցակը տեղական ինքնակառավարման ընտրություններում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Գագիկ Հարությունյան. Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Վրաստանն ու Հայաստանը շատ հարցեր ունեն կարգավորելու’