‘Յացենյուկ. Ուկրաինական Սու-25-ը խոցվել է «օդ-օդ» հրթիռով’

1185

Ուկրաինական ՌՕՈՒ-ի՝Արևելյան Ուկրաինայի տարածքում խփված երկու ռազմական օդանավերից մեկը, հավանաբար, խփվել է ռուսաստանյան կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով, ենթադրում են ուկրաինական իշխանությունները: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: «Ենթադրաբար՝ երկրորդ կործանիչը խփվել է «օդ-օդ» դասի հրթիռով: Դա նշանակում է, որ այն խփվել է մեկ ուրիշ կործանիչի կողմից, որը հաստատ ուկրաինական չի եղել»,- ասել է նա:

Այն հարցին, թե ինքը պատրա՞ստ է վստահաբար պնդել, որ ուկրաինական Սու-25-ը խոցվել է ռուսաստանյան ՌՕՈՒ-ի կողմից, Յացենյուկը պատասխանել է. «Մենք  բոլորս գիտենք, թե ով է կանգնած այս ամենի ետևում: Մենք գիտենք, թե ով է մատակարարում զենքը, ով է ֆինանսավորում ահաբեկիչներին, ով է աջակցում ռուսաստանամետ գրոհայիններին, ով է մատակարարել CA-11 համակարգը («Բուկ»), որը խոցեց MH17 քաղաքացիական օդանավը: Սա է ճշմարտությունը, և ես ուզում եմ, որ ողջ աշխարհն իմանա այդ ճշմարտությունը»:

Յացենյուկը նաև ավելացրել է, որ իշխանությունները մտադիր չեն մալայզիական «Բոինգի» աղետի վայրում հետաքննություն անցկացնելու ժամանակ դադարեցնել Դոնեցկի շրջանում գործողությունները ռուսաստանամետ գրոհայինների դեմ, քանի որ օդանավի կործանման վայրը բավական հեռու է ռազմական գործողությունների վայրից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կեյլոր Նավասը «Ռեալում» կվաստակի տարեկան 1.8 մլն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Air Algerie-ի օդանավը կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մոտ’