‘Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է քաղաքացիական անհնազանդության ակցիան’

748

Խարկովի կլինիկական հիվանդանոցում բուժման կուրս անցնող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դադարեցրել է քաղաքացիական անհնազանդության ակցիան, որը մեկնարկել էր հունվարի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հայտնել է Կաչանովսկի ուղղիչ գաղութի պետ Իգոր Կոլպաշչիկովը (մինչեւ հիվանդանոցում հայտնվելը Տիմոշենկոն այդ հիմնարկում էր անցկացնում դատարանի կողմից սահմանված յոթնամյա պատժաժամկետը) :

«Նախկին վարչապետի պահանջների մեծամասնությունը կատարվել է», — ասել է բանտապետը: Հիշեցնենք, որ Տիմոշենկոն պահանջում էր դադարեցնել իր հիվանդասենյակում իրականացվող շուրջօրյա տեսանկարահանումը, ինչպես նաեւ՝ այնտեղից հանել պահակախմբին:

Ի նշան բողոքի՝ ուկրաինական ընդդիմության առաջնորդը դադարեցրել էր բուժական պրոցեդուրաները եւ հրաժարվում էր հիվանդասենյակ մտնել:

Հայտնի է, որ Տիմոշենկոն ժամանակի մեծ մասն անցկացնում էր փաստաբանների հետ հանդիպման սենյակում եւ միջանցքում, գիշերում էր լոգասենյակում: Բացի դրանից, նա հրաժարվում էր շփվել քննիչների հետ, ներկայանալ դատարան եւ մասնակցել նրա դեմ հարուցված գործերից մեկի քննությանը: 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիի համախոհներին մեղադրում են «սեքս-շանտաժի» մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Լինդսի Լոհանը չի ընդունում բեռնատարի հետ բախվելու մեջ իր մեղավորությունը’