‘«Յուվենտուս»-ը անցյալ վերադառնալու ճանապարհին’

1493

Իտալացիների տպավորիչ ելույթներն  այդքան էլ չհանգստացրին « Ա սերիայի» երկրպագուներին, քանի որ նրանք, իրոք, իտալական ֆուտբոլի ապագայով  մտահոգվելու մի շարք հիմնավոր պատճառներ  ունեն …

Հերթական` արդեն սովորական դարձած խաղադրույքների հետ կապված սկանդալը, ամենավառ աստղերի մեկնումն Իտալիայից, ՉԼ-ում ընդամենը երկու որակավորված թիմ ունենալը՝ այսպիսի երևույթների առկայությունը ստիպում է հավատալ այն կարծիքին, որ իտալական ֆուտբոլը գտնվում է կոմայի մեջ:

« Ա սերիայի» նոր դեմքերը

Այս ամենի հետ մեկտեղ հնարավոր չէ չխոսել նաև հստակ արտահայտվող մի վառ երևույթի` իտալալացի երիտասարդ, ուժեղ մասնագետների մասին: Մոնտելլա, Ֆեռարրա, ինչու ոչ՝ Դի Մատտեո, Ստրամաչիոնի, և, իհարկե, Կոնտե և Պրանդելլի: Սրանք այն մասնագետներն են, որոնք, բացի Կատենաչոյից, փորձում են նաև տարբեր նոր գաղափարներ հաղորդել իտալական ֆուտբոլին: Նրանց գումարելով Զեմանին և արդեն փորձառու Մաձարիին` պարզ է դառնում, որ գոնե մարզչական առումով մեզ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում: Բացի դրանից, առաջնություն են վերադարձել «Տորինոն» և «Սամպդորիան». նրանց մասնակցությամբ դերբիները ևս հետաքրքիր կլինեն:

Սակայն գրեթե բոլոր թիմերում խնդիրները և հարցականները շատ են. միլանյան երկու ակումբներն էլ անցումային ժամանակաշրջան են ապրում, և եթե «Ինտերում» անհասկանալիորեն և անհիմն վստահում են Ստրամաչիոնիին, ապա «Միլանում »՝ Ալեգրին, շատ հավանական է, իր վերջին մրցաշրջանն է անցկացնում: Հետաքրիր կլինի հետևել նաև Նապոլիին, որը նույնիսկ առանց Լավեցիի պատրաստ է լուրջ խնդիրներ լուծել: Կհետևենք նաև Գվիդոլինիի` հերթական անգամ իր աստղերին վաճառած «Ուդինեզեին», Մոնտելլայի «Ֆիորենտինային» և Զեմանի «Ռոմային»: Ընդհանուր առմամբ՝ մեզ բավական հավասար առաջնություն է սպասվում, և միակ թիմը, որը մի գլուխ բարձր է բոլորից, չեմպիոն Յուվենտուսն է, որի հաջողությանը 2011-ի սկզբին չէին հավատում` չպատկերացնելով, որ Իբրան հնարավոր է և չհաղթի հերթական Սկուդետտոն: Բայց Կոնտեի թիմը պայքարեց մինչև վերջ: Իսկ «Միլանի»` ՉԼ-ից դուրս մնալուց հետո, օգտվելով միլանցիների տրամադրության և խաղային անկումից, առաջնության ավարտին արդեն իրապես կառչեց Սկուդդետոյից: Չնայած լինելով որակապես այլ հարթության վրա` նոր մրցաշրջանում Յուվեն նույնպես ունի իր խնդիրները:

Յուվեն առանց Ալեքսի

Վերջին տարիներին Թուրինը իտալական ֆուտբոլի ամենահուզումնալի քաղաքներից է: Այստեղ 2006-ին վերապրեցին «Կալչիոպոլին»` հայտնվելով «Բ սերիայում», գիտակցեցին, որ 90-ականների ռոմանտիկան արդեն անցյալում է, և որ թիմում խաղում էին ընդամենը վճարովի վարձկաններ, կասկածի տակ առան գրեթե բոլորին, նույնիսկ Բուֆֆոնին, բացի Դել Պիեռոյից..

..Բեռլինում 121-րդ րոպեին գերմանացիների երազանքը վերջնականապես թաղած ֆուտբոլիստը շարունակելու է լինել իրենցը, և դա  այնքան անհրաժեշտ հպարտության զգացում էր պարգևում Յուվեյի ֆաներին:

Դել Պիեռոն Յուվենտուսն էր, Դել Պիեռոն Իտալիան էր, իսկ շատերի համար Դել Պիեռոն ավելին էր, քան ֆուտբոլը: Ընդհանրապես, 80-ականների և 90-ականների սերնդի համար Ալեքսը մի ամբողջ դարաշրջան էր ներկայացնում: Նա դարձել էր հավատարմության և համեստության խորհրդանիշ: Ալեքսը լավագույն օրինակներից էր այն խաղացողների, որոնց` դաշտում արտահայտվող հույզերից ոչ միայն պարզ էին դառնում ֆուտբոլիստի ներքին խնդիրները` ուրախությունն ու տառապանքը, այլև  նրանք աննկարագրելիորեն կարողանում էին արտացոլել իրենց երկրպագուների երազանքները և հույզերը: Եվ կարիք չկար` խաղից հետո հնչեր` «Ես տխուր եմ, այդ իսկ պատճառով չեմ տոնում խփածս գոլերը», որպեսզի պարզ դառնար ֆուտբոլիստի խնդիրը: Եվ վերջապես, Յուվեի Դել Պիեռոն վերջիններից էր, ովքեր մեզ հիշեցնում էին այն ֆուտբոլը, որը դեռ բակային երեխաներինն էր, այլ ոչ արաբ շեյխերինը:

Այս ամենը ևս մեկ անգամ նա ապացուցեց իր վերջին մրցաշրջանում: Մրցաշրջանի սկզբում, տեղեկանալով, որ Անյելլին մտադիր չէ երկարաձգել իր պայմանագիրը, ամբողջ  մրցաշրջանի ընթացքում նա ոչ մի անգամ իրեն թույլ չտվեց որևէ վատ արտահայտություն, փոխարենն ընդունեց իրականությունը և իր խաղով օգնեց Յուվեին հաղթել Սկուդդետոն` դառնալով նաև շատ կարևոր գոլերի հեղինակ:

Դել Պիեռոյի նշանակությունը Յուվեի համար հնարավոր չէ գերագնահատել, և ինչքան էլ մեծ ակումբ լինի Յուվեն, միևնույն է, կարելի է նրա պատմությունը բաժանել երկու մասի` մինչ Դել Պիեռոն և Դել Պիեռոյից հետո: Նույնիսկ եթե որևէ մեկը կարողանա կրկնել նրա հաջողությունները, արժեքային առումով անհնար է թվում, որ Ալեքսին կարող են փոխարինել:

Կոնտեն, իհարկե, առաջ է նայում, և Ալեքսին որպես խաղացող փոխարինելու համար թիմ վերադարձրեց ակումբի սան Ջիովինկոյին, ում 2007-ին առաջին թիմում իր տեղը հաստատել խանգարեց հենց Դել Պիեռոն, իսկ այս անգամ կարող է խանգարել Ալեքսի ահռելի մեծ ստվերը:

Կոնտեի որակազրկումը

Դեռևս Յուվեի մարզչի գործը դատարանում չի ավարտվել, և հերթական լսումները դաշնային  դատարանում տեղի կունենան այս ամսվա 21-ին: Բայց արդեն պարզ է, որ թե ակումբի ղեկավարությունը և թե ինքը Կոնտեն համակերպվել են այն մտքին, որ նոր մրցաշրջանում Յուվեի պահեստայինների նստարանից թիմի խաղը կղեկավարի Մասսիմո Կառերան:

Կարող է թվալ, որ Կոնտեի որակազրկումն այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենա թիմի արդյունքների վրա, չէ՞ որ նա առաջվա պես կարող է մասնակցել թիմի մարզումներին և իր ասելիքը կարող է հաղորդել շաբաթվա ընթացքում: Բայց այս կարծիքը բավականին թյուր է: Հենց Կոնտեին խաղերի ընթացքում վանդակների մեջ պահելը ամենաշատը կարող է վնասել թիմի հաջողություններին:

Կոնտեն անցյալ մրցաշրջանում խաղաց երեք տակտիկական սխեմայով` «4-2-4», «4-3-3» և «3-5-2»-ով, որոնք շատ ճկուն կերպով կարողանում էր փոխել: Հաղթած  « Ա սերիայում» Յուվեն, ճիշտ է, ոչ մի հանդիպում չպարտվեց, բայց խաղաց բազմաթիվ ոչ-ոքիներ, այդ թվում՝ նաև կարգով զգալիորեն Յուվեին զիջող մրցակիցների դեմ: Ոչ-ոքիների թիվը կարող էր էլ ավելի շատ լինել, եթե չլինեին Կոնտեի հնարամիտ տակտիկական փոփոխությունները հենց խաղերի և ընդմիջումների ժամանակ: Այսպես օրինակ, մարտին Ինտերի հետ խաղում, կատարելով երկու փոփոխություն, հագեցրեց կենտրոնը և երկրորդ խաղակեսում անցավ «3-5-2»-ի: Տիրելով դաշտի կենտրոնին` հաղթեց խաղը 2-0 հաշվով: Յուվեի ֆաներին մնում է հուսալ, որ թուրինցիները Կոնտեի և Կառերայի համար խաղերի ժամանակ հաղորդակցման միջոց կգտնեն:

\"\"

Կարելի՞ է արդյոք Պիրլոյից ևս մեկ փայլուն մրցաշրջան ակնլալել

 Անչելոտիից հետո Ալեգրիի «Միլանում» Պիրլոն այդպես էլ չհարմարվեց: Նոր մարզչի մոտ նա շարունակեց խաղալ որպես թիմի հիմնական կառուցող հենակետային, բայց Կակային փոխարինող և ոչ մեկի հետ չկարողացավ արդյունավետ համագործակցել: Ոչ Բոատենգի, ոչ Ռոբինյոյի, ոչ էլ Ռոնալդինյոյի, որոնք, ի տարբերություն Կակայի, սահմանափակում էին Անդրեայի դերը մրցակցի կիսադաշտում: Հասկանալով, որ Ալեգրին նախընտրում է խաղալ վառ արտայտված հարձակողական ոճի կիսապաշտպանով, որոշեց տեղափոխվել Թուրին:

Յուվենտուսում հենց մրցաշրջանի սկզբից ընդգծվեց նրա` առաջատարի դերը: Գրեթե ամբողջ մրցաշրջանում Կոնտեն խաղաց երեք կառուցող հենակետայիններով, Վիդալը և Մարկիզիոն միայն օգնում էին Պիրլոյին` գրոհի վճռական փուլում նրան տրամադրելով լիակատար ազատություն:

Եթե մարզչական և թիմային գործոններից զատ փորձենք առանձնացնել մի խաղացողի Կոնտեի թիմից, ապա՝ միանշանակ Պիրլոյին: Անցած մրցաշրջանում նրա անձնական ցուցանիշները ուղղակի հիացնում էին. 37 հանդիպում, 13 գոլային փոխանցում, ճշգրիտ փոխանցումներ` 87 %: Այս  վերջին ցուցանիշի հարցում հարկ է ընդգծել, որ Յուվեն չի խաղում մանր տեսակի ֆուտբոլ, և չարժե համեմատել, օրինակ, Չավիի 93% ցուցանիշի հետ:

Ամռանը Պիրլոն անցկացրեց փայլուն Եվրո, և ինչպես նշեց Պրանդելլին, եթե եզրափակչից առաջ ունենայինք ևս մեկ հանգիստ օր… Հաշվի առնելով նրա անձական փայլուն մրցաշրջանը` Սկուդետտոն և Եվրոյի փոխչեմպիոնի տիտղոսը, տրամաբանական կլիներ, որ հենց «Նկարիչը» դիտարկվեր որպես Մեսսիի գլխավոր մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում, բայց «Ոսկե գնդակի» համար քվեարկում են այնպիսի ոչ ֆուտբոլային երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը կամ Կանադան. և արդեն հիմա  այդ տարբերակը կարելի է բացառել:

Ինչևէ, Պիրլոն մեծացավ ևս մեկ տարով և դժվար թե կարողանա մասնակցել մեծաքանակ խաղերի ՉԼ-ում և «Ա սերիայում»: «Յուվենտուսի» երկար պահեստայինների նստարանը հարկ եղած դեպքում առաջատարին հանգստանալու հնարավորություն կընձեռի: Կոնտեն, հասկանալով սա, պետք է նոր մրցաշրջանում շատ զգույշ օգտագործի նրան. ավելի շատ հանգստանալու հնարավորություն տա առաջնությունում, որպեսզի նրա փորձը օգտագործի ՉԼ-ում, որտեղ Պիրլոն հաղթել է արդեն երկու անգամ: Ամռանը Յուվեն փորձեց թեկուզ և երիտասարդ փոխարինող գտնել Պիրլոյի համար: Սկզբում դիտարկվում էր Վերատտիի տարբերակը, բայց ծագող աստղը նախընտրեց տեղափոխվել Փարիզ, որից հետո Յուվեին հաջողվեց Թուրին բերել Ֆրանսիացի Պոգբային:

Այս տարի բարդ է Պիրլոյից պահանջել ևս մեկ փայլուն մրցաշրջան, բայց անհրաժեշտ հանգստի և վնասվածքներից խուսափելու պարագայում դա դառնում է իրատեսական:

«Յուվենտուսի» տրանսֆերային քաղաքականությունը

Թիմի մարզական տնօրեն Մարոտտայի և Կոնտեի նախընտրությունները պարզ են: Յուվեն հավակնում է աշխատասեր, ճկուն և տակտիկապես գրագետ, ոչ բարձր գնի խաղացողներին: Չեմպիոնի տիտղոսը պահպանելու և ՉԼ-ում հաջող հանդես գալու համար Կոնտեն աստղային խաղացողներից նախըտրեց ապահովել կազմի խորությունը: Թիմ եկան «Ուդինեզեից» չիլիացի Իսլան և գանացի Ասամոան:  Երկուսն էլ ունիվերսալ են և կարող են խաղալ բազմաթիվ դիրքերում: Իսլան մրցակցություն կստեղծի Լիխշտայնեռի և Կասերեսի համար աջ թևում, իսկ Ասամոան կհագեցնի կիսապաշտպանության ձախ թևը: Թուրին եկավ նաև Լուսիոն, ով իր փորձով օգտակար կլինի ՉԼ-ում: Բրազիլացին իր տեսակի մեջ տարբերվում է մյուսներից և բացի բուն պաշտպանողական գործողություններից՝ կարող է օգնել նաև Պիրլոյին գրոհի մեկնարկային փոխանցման հարցում: Թուրին վերադարձավ նաև Ջիովինկոն, և տրանսֆերային պատուհանի վերջին օրերին վարձակալական հիմունքներով Յուվե տեղափոխվեց Արսենալի հարձակվող Բենդտները: Սա, ավելի շուտ, ժամանակի սղության պատճառով կայացրած շուտափույթ քայլ էր, քան նախօրոք պլանավորված տրանսֆեր: Թուրինից հեռացան միայն այն խաղացողները, որոնք չէին մտնում Կոնտեի պլանների մեջ. Էլիան, Կրասիչը, Էստեգարիբիան և Բորրիելլոն ամեինց շատ էին դժգոհություն առաջացնում երկրպագուների մոտ:

Յուվենտուսում հայտնված բազմակողմանի խաղացողներն ապահովում են մշտական մրցակցություն յուրաքանչյուր խաղային դիրքի համար:

Թիմի հագեցվածությունը` ըստ դիրքերի

Բուֆոնի տեղը հիմնական կազմում կասկած չի հարուցում, նույնիսկ եթե նա ավելի հաճախ սխալներ գործի, ինչպես «Լեչչե»-ի դեմ: Անկախ իր տարիքից` նա դեռ մի քանի մրցաշրջան կլինի համար մեկը: Նրան փոխարինող Ստորարին խաղային ժամանակ կստանա գավաթային խաղերում: Իսկ Ռուբինյոն և Բրանյեսկուն կխաղան միայն առաջին երկուսի վնասվածքների դեպքում:

Կոնտեն մրցաշրջանը սկսել է «3-5-2»-ով, և կենտրոնական պաշտպաններ Բոնուչին, Բարձալյին Կիելինին և Լուսիոն փոփոխվելով կկազմեն կենտրոնական պաշտպանների եռյակը: Կասերեսը կամ Իսլան կխաղան 4 պաշտպանով խաղալու դեպքում. Կոնտեն Լիխշտայնեռին ավելի շատ նախընտրում է տեսնել աջ եզրային վինգերի  դերում:

Մրցակցությունն ավելի մեծ է կիսապաշտպանությունում, քանի որ այս գոտու խաղացողները ավելի ունիվերսալ են,  կենտրոնական եռյակը հիմնականում կմնա անփոփոխ, եթե իհարկե Պիրլոյի, Մարկիզիոյի և Վիդալի մոտ չնկատվի կտրուկ խաղային անկում: Նրանց կարող են փոխարինել Պոգբան, Ջիակերինին, Մարրոնեն և Պադոյինը: Ձախ եզրի համար հիմնական թեկնածուն Ասամոան է, բայց նրան նույնպես պատրաստ կլինեն փոխարինել Պեպեն, Դե Չելյեն և նույն Ջիակերինին: Լիխշտայնեռի տեղը աջ եզրում կփորձի վիճարկել Իսլան:

Ինչպես անցյալ մրցաշրջանում, հարձակման գիծը հանդիսանում է Յուվեի ամենաթույլ օղակը: Զգացվում է, որ Կոնտեն հիմնական հարձակվողի դիրքում վստահում է Վուչինիչին, բայց Չեռնորացին, ինչպես և Մատրին,  աչքի չի ընկնում արդյունավետ, հաստատուն խաղով: Ջիովինկոն, գործելով մի փոքր ավելի խորքից, Վուչինիչի հետ միասին կկազմեն հարձակվողական երկյակը: Նրանց փոխարինողներն են Կուալյարելլիան, ով վնասվածքից հետո դեռևս չի կարողանում հասնել իր նախկին խաղամակարդակին, Մատրին և Բենդտները:

\"\"

Վերջաբան

Իր բարձր խաղամակարդակով, ֆուտբոլիստների ընտրությամբ Յուվեի հետ Եվրոպայում շատ քչերը կարող են մրցել: Հաշվի առնելով կազմի խորությունը, Կոնտեի տակտիկական ճկունությունը և խաղացողների բարձր կարգը` Յուվեն, պետք է որ, առանց լուրջ խոչընդոտների կրկնի իր հաջողությունը «Ա սերիայում»: Իսկ ՉԼ-ում հաջող դասավորվածության դեպքում Յուվեն ունակ է հասնել մինչև կիսաեզրափակիչ:

Յուվենտուսը վերջապես գտնվում է բանիմաց մարդկանց ձեռքում և ճիշտ ուղու վրա է՝ անցյալի փառքին հասնելու համար:

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը խոստանում է այլընտրանքային վարկավորում’
Հաջորդ հոդվածը‘ ՀԱՊԿ զորավարժությունները ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Հայաստանի. Ռիչարդ Կիրակոսյան’