‘Յուվեն նորից «քիլլեր» է փնտրում ‘

933

ՉԼ-ում գրանցված երեք անընդմեջ ոչ-ոքիները և առաջնության վերջին տուրի պարտությունը, որն ընդհատեց «Սերիա Ա»-ում 49 անպարտելի հանդիպումների շարքը, պետք է որ սթափեցնեն Յուվեին, ով այս պահին ունի իր առջև շատ լուրջ մարտահրավեր` դուրս գալ ՉԼ-ի «փլեյ-օֆֆ»: Յուվեի տիֆոզիները հույսով են, որ «փլեյ-օֆֆ» դուրս գալու դեպքում, հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, ակումբի սպորտային տնօրեն Բեպպե Մարոտան վերջապես ձեռք կբերի թիմին այդքան անհրաժեշտ կենտրոնական հարձակվող:

Թոփ կլասի հարձակվողի ձեռքբերման մասին ակումբը սկսել էր մտածել դեռ երկու տարի առաջ, անմիջապես Կոնտեի՝ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո:  Շատ էին խոսում աստղի կարգավիճակով հարձակվողի անհրաժեշտության մասին, որի համար Յուվեն պատրաստ էր ծախսել 50 մլն €-ին մոտ գումար, սակայն այդ ժամանակ Կոնտեի նախագծին աստղերից ոչ մեկը (Էդին Ջեկո, Կուն Ագուերո, Ջուզեպե Ռոսսի) չհավատաց, և Մարոտան որոշեց այդ գումարը ծախսել միանգամից երեք գործարք ձևակերպելու համար: 15 մլն €-ով գնեց  Միրկո Վուչինիչին, և ևս ընդհանուր 25 մլն € ծախսեց Մատրիի և Կուալյարելիայի իրավունքները վերջնականապես գնելու համար: Մրցաշրջանում այս երեք խաղացողներից և ոչ մեկը 10 գոլից ավել չխփեց և Կոնտեն ամռանը արդեն «Սկուդետո»-ն նվաճած մարզչի կարգավիճակում, պահանջեց վերանայել թիմի հարձակման գծի խնդիրները: Ամբողջ ամռանը խոսակցություններ էին տարածվում բազմաթիվ առաջնակարգ հարձակվողների՝ «Ծեր Սինիորա» տեղափոխման մասին, բայց այս անգամ էլ ոչ մի գերաստղ ձեռք բերել չստացվեց: Վան Պերսին նախընտրեց մնալ «Պրեմիեր լիգա»-ում, Կավանին «Նապոլի»-ում, Դեստրոն տեղափոխվեց «Ռոմա», որտեղ նրան ավելի շատ խաղային ժամանակ խոստացան, իսկ Լյորենտեն նախընտրեց սպասել իր՝ ազատ խաղացողի կարգավիճակին, որը կստանա հաջորդ տարվա հունիսին:

Այսպիսով, Յուվեն մնաց իր նախկին հարձակվողների հետ և ընդամենը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, վերջին պահին վարձակալեց Բենդտներին, ով պարզ էր, որ իր կարգով չի համապատասխանում Յուվեի նման՝ իր առջև մեծ մարտահրավերներ դրած թիմին: Առաջնությունը թիմը սկսեց նախորդի պես, բայց ՉԼ-ի հետ համատեղ անցկացրած շաբաթներում սկսեցին ի հայտ գալ հարձակման գծի հետ կապված կանխատեսելի խնդիրները: Իհարկե եղան պահեր երբ, օրինակ, Կուալյարելան սկսեց հիշեցնել իր բարձր կարգի մասին և մի քանի խաղ տարավ իր հետևից թիմակիցներին, բայց ընդհանուր առմամբ բոլոր հինգ հարձակվողներից ոչ մեկը տուգանայինի խաղացող չէ, բացի Բենդտներից, ումից էլ օգուտը շատ քիչ է: Վերսկսեցին նաև դժգոհությունները Ալեքս Դել Պիերոյի պայմանագիրը չերկարաձգելու հետ կապված, քանի որ, չնայած իր տարիքին, Ալեքսը փոխարինման դուրս գալով միշտ կարողանում էր սրություն և յուրօրինակություն ավելացնել առջևի գծում:

Գոլահարի խնդիրը պարզ երևում է Յուվեի հոկտեմբերյան խաղերից, որտեղ թիմը ոչ մի հանդիպման ընթացքում երկու գոլից ավել չխփեց: Պետք է նշել, որ այս տարվա ներքին առաջնությունում թիմի գլխավոր ռմբարկուն կառուցող հենակետային Վիդալն է՝ ընդամենը 4 խփած գնդակով:

Արդեն հիմա կարելի է ընդհանուր պատկեր կազմել այն խաղացողների, ովքեր հնարավոր է, եթե ոչ ձմռանը, ապա հաջորդ ամառ տեղափոխվեն Թուրին: Դավիդ Վիլյան ով դուրս է գալիս իր նախկին խաղամակարդակին, բայց Բարսայում Նեյմարի հայտնվելուն պես կարող է լքել իր թիմը: Վիլյայի Յուվեում հայտնվելու հնարավորությունը նվազում է նրանով, որ «Էլ Գուխե»-ն ի ծնե «9»-ը չէ, իսկ իտալացիներին հենց այդպիսին է անհրաժեշտ: Այդ պարագայում հնարավոր է ևս երկու իսպանացիների հայտնվելը Թուրինում: Առաջինը Ֆերնանդո Լյորենտեն, ով ավելի հավանական է՝ կնախնտի Թուրինում մշտապես խաղալը, քան Բարսայում կամ Մադրիդի «Ռեալ»-ում պահեստայինների նստարանին նստելը: «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Բիելսան ներկա պահին նրան չի խաղացնում, պայմանագիրը երկարաձգելու առաջարկից հրաժարվելուց հետո և նրա՝ «բյանկոների»-ի կազմ տեղափոխությունը շատ հնարավոր է, որ տեղի ունենա արդեն ձմռանը: Եվ իհարկե, Ռոբերտո Սոլդադոն, ով արդեն գրանդ ակումբ տեղափոխվելու համար բավականին հասուն է: Պետք է չմոռանալ նաև ամռանը քննարկված երկու տարբերակների` Սուարեսի և Յովետիչի մասին ևս ովքեր նույնպես աճել են ՉԼ-ում խաղալու համար: Յուվեի ֆաները հուսով են, որ մոտ ապագայում երեք տարի տևած գլխացավանքը կավարտվի:

 Դավիթ Քիրամիջյան

 

 

Նախորդ հոդվածը‘Վալերի Գոշկոդերիա. «Շախտյորը» Մխիթարյանի շնորհիվ կարող է շատ հեռու գնալ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը հանձնարարել է Ղազախստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի շուրջ բանակցություններ սկսել ‘