‘Յուրա Մովսիսյան. Հեքիաթային մեկնարկ ստացվեց’

988

Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվողը Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի՝ «Թերեքի» դեմ խաղից հետո ռուսական մարզաշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել, այսօր հանդիպել էր լրագրողների հետ, որոնք պարզապես հարցախեղդ են արել ֆուտբոլիստին:

-Ինչո՞ւ Յուրա, այլ ոչ՝ Յուրի:
-Յուրան դա հայկական անուն է, իսկ Յուրին՝ ռուսական: Այսքանը:
-Ե՞րբ ռուսերենով հարցազրույց կտաք:
-Ես Ձեզ տեղյակ կպահեմ (ժպտում է):
-Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է Ձեր հիմնական մրցակիցը ռմբարկուական մրցավազքում:
-Դժվար է ինչ-որ մեկին առանձնացնել: Բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել «Կուբանում» հանդես եկող իմ հայրենակիցը՝ Արազ Օզբիլիսը: Մեծ ֆուտբոլիստ է Սամուել Էտո’օն:
-Իսկ ինչպե՞ս են արձագանքել քո հեթ-տրիկին քո նախկին թիմակիցները՝ «Կրասնոդարի» ֆուտբոլիստները:
-Իհարկե, նրանք շնորհավորեցին ինձ: Ուրախ էին այդ առիթով: Ինձ շնորհավորել է նաև «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին:
— Եթե գոլ խփեք «Կրասնոդարին», կտոնե՞ք:
— Առաջին հերթին, այդ գոլը դեռ պետք է խփել: Բայց եթե խփեմ… Չեմ տոնի, քանի որ «Կրասնոդարը» առանձնահատուկ ակումբ է իմ համար:
— Կրասնոդարը և Մոսկվան շատ են տարբերվո՞ւմ կենցաղի առումով:
— Մոսկվայում չափից շատ են մեքենաները: Ընդհանրապես, այստեղ շատ բարդ է ինչ-որ բան պլանավորելը:
— Մետրոյով երթևեկե՞լ եք:
— Դեռ ոչ: Կարծում եմ՝ այնտեղ կարելի է կորել:
— Դուք առօրյա կյանքում և՞ս պաշտոնական եք հագնվում. բաճկոն, սպիտակ վերնաշապիկ:
— Ոչ, պարզապես այս մամուլի ասուլիսը իմ համար շատ կարևոր է (ժպտում է): Սովորաբար այլ կերպ եմ հագնվում:
— Սեյդու Դումբիային անվանում են Ռնգեղջյուր: Կցանկանայի՞ք, որ Ձեզ անվանեին, օրինակ՝ Բիզոն:
— Կցանկանայի, որ ինձ անվանեին անունով՝ Յուրա Մովսիսյան:
— Շուտով կվերականգնվի Էմանուել Էմենիկեն: Մրցակցությունը կուժեղանա…
— Էմենիկեն հրաշալի հարձակվող է: Ես հասկանում եմ, որ երբ նա շարք վերադառնա, ինձ դժվար կլինի ընդգրկվել հիմնական կազմում: Բացի այդ, «Սպարտակում» այլ բարձրակարգ հարձակվողներ կան՝ Ձյուբա, Արի, Ուորիս: Բայց, եթե մրցակցությունը չլիներ, ես «Սպարտակում» չէի հայտնվի: Առանց մրցակցության առաջընթացը անհնար է:
— Ի դեպ, քանի՞ հետ-տրիկ կար ձեր հաշվին:
— Սա առաջինն էր: Հեքիաթային մեկնարկ ստացվեց, իհարկե:
— Ապագայում կցանկանայի՞ք խաղալ եվրոպական այլ ուժեղ առաջնությունում:
— Ես դեռ նոր եմ սկսել «Սպարտակում»: Այժմ ես պաշտպանում եմ Ռուսաստանի ամենահայտնի ակումբի գույները, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգան տարեցտարի ուժեղանում է:
— Եվրոպական ո՞ր ակումբին եք երկրպագում:
— Փոքր ժամանակ երկրպագում էի «Արսենալին» և «Ռեալին»: Բայց, ընդգծում եմ, դա եղել է մանկությանս տարիներին:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի լեռնագնացը նկարահանել է սեփական անկումը ժայռից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի «սարդ մարդը» պատրաստվում է գրավել ԵՄ-ի ամենաբարձր շենքը ‘