‘Յուրիկ Վարդանյանը կեղծել էր սենատորներ Բոքսերի եւ Ֆայնշթայնի ստորագրությունները ‘

1710

Օրերս ՀԺ-ն հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի՝ ԱՄՆ-ում բնակվելու իր ընդդիմադիր տարիներին Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար պայքար մղող եւ այս իշխանությունների դեմ անխոնջ մարտնչող լեգենդ Յուրի Վարդանյանը խոշոր ավանտյուրաների եւ փողային սկանդալների մեջ է ներքաշված եղել։ Ավելին, թերթը տպագրել էր, որ լեգենդար Վարդանյանը չի խորշել անգամ կեղծել ԱՄՆ երկու սենատորների ստորագրությունները եւ նրանց անունից կեղծ հայտարարություններ արել։ Մեզ հաջողվեց պարզել, որ այդ երկու սենատորները, որոնց ստորագրությունը կեղծել էր արդարության մարտիկը՝ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Դայան Ֆայնշթայնն են եղել։ Ավելին, սույն սկանդալի մասին 2003-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի ամբողջ ռեպորտաժ էր պատրաստել «Հայլուրը», ուր անարգանքի սյունին էին գամում հայի անունն արատավորող, սենատորների ստորագրությունը կեղծող եւ ընդհանրապես՝ ֆինանսական տարբեր սկանդալների մեջ թաթախված լեգենդին։ Իսկ ո՞ւր է հիմա սույն լեգենդը։ Նա նույն այս իշխանության նախարարն է։ Ավելին, ժառանգել է նաեւ այս իշխանության ողջ բարոյական նկարագիրը եւ այլեւս ոչ միայն չի պայքարում անարդարությունների դեմ, այլեւ պատրաստ է հրաժարվել սեփական որդուց՝ նախարարական իր աթոռը պահելու համար։

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. ԵԽ բանաձևը պատասխան է Ս.Սարգսյանի անհավասարակշիռ քաղաքականությանը’
Հաջորդ հոդվածը‘Ծանր հիվանդությունը սպառնում է փոքրիկի կյանքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’