‘Յուրիկ Վարդանյանի որդին վաղաժամկետ ազատ է արձակվել ‘

1365

Վրաստանում Հայաստանի դեսպան, ծանրամարտիկ Յուրիկ Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանը ազատ է արձակվել: Վաղաժամ պայմանական ազատման հանձնաժողովը հավանություն է տվել նրա դիմումին, դիմումն ուղարկվել է դատարան, և դրական վճիռ է կայացվել, արդյունքում՝ Վարդանյանը վաղաժամ ազատվել է պատժից:

Այս մասին iLur.am-ին հայտնեց ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը մեղադրվում էր 2013 թ. հոկտեմբերի 4-ից 12-ը Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ թմրամիջոցը փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել էր ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել էր Հայաստան:

Այս տարվա սեպտեմբերին նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի (մաքսանենգություն) 2-րդ մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով և դատապարտվել 4 տարի 6 ամսվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Վարորդների գործադուլը, Տարոն Մարգարյանի գծերը և Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի սակագինը նորից ցանկանում են բարձրացնել’