‘Յուրիկ Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով’

941

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Վահան Հայրապետյանը:

Վերջինս նշել է, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Փաստաբանը շեշտել է նաև, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են:

Դավիթ Վարդանյանին սպառնում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է ձյուն’
Հաջորդ հոդվածը‘Մեքենա կայանելը դառնում է անհնար. «ՉԻ»’