‘Յուրի Վարդանյանի «արկածները» նախարար դառնալուց առաջ եւ հետո’

1838

Ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը մայիսին նշանակվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ թեև նախկինում մամուլում նա պարբերաբար հերքում էր այդ տեղեկությունները՝ դրանք «փողոցային խոսակցություններ» որակելով: Վարդանյանը թեեւ վերջերս է նշանակվել նախարար, սակայն արդեն հասցրել է «դրսեւորել» իրեն: Առաջին բանը, ինչ արեց վերջինս՝ քանդեց նախարարությունում ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը: Ապա առանց հիմնավորման՝ աշխատանքից ազատեց նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Ասել է թե՝ Վարդանյանը նախարարությունում եկավ միայն մի նպատակով՝ «մաքրել» նախարարությունը ԲՀԿ-ից:

Նշենք, որ նախկինում Վարդանյանի մասին մամուլում մի շարք հրապարակումներ են հայտնվել, որոնք ևս հաստատում են, որ Յուրի Վարդանյանը նախարարությունում իր անձնական շահն է առաջ տանում եւ հանդես է գալիս բացառապես ընդդեմ ԲՀԿ-ի:

Մեջբերում 7or.am-ի վերլուծաբան Կորյուն Մանուկյանի հոդվածից՝ կապված Վարդանյանի՝ նախարար նշանակվելու հետ.

«Տիգրան Սարգսյանն ընդունելի չէ բիզնեսի բոլոր շերտերի, իսկ Յուրի Վարդանյանը՝ մարզական աշխարհի համար, բայց այս մարդիկ նշանակվել են տնտեսական ու մարզական ոլորտների կառավարիչներ, քանզի գործող նախագահը կադրային հարցերում ուրույն մոտեցումներ ունի։ Ս. Սարգսյանին պետք են կամակատար գործիքներ, և որքան անընդունելի լինեն այդ գործիքները հանրության ու նրանց վստահվելիք ոլորտների ներկայացուցիչների կողմից, այնքան լավ։ Ինչ մնում է Յուրի Վարդանյանի նշանակմանը, ապա պարզ է, որ Բաղրամյան 26–ից որոշել են նրան օգտագործել Գագիկ Ծառուկյանի դեմ։ Հասկանալի է, որ Յուրիի գործը պետք է լինի Օլիմպիական կոմիտեի դեմ էժանագին քայլեր կատարելը և նախագահականում «աչոկներ» հավաքելը։ Նրան հենց դրա համար են նախարար նշանակել, ուրիշ ոչ մի բանի։ Այսինքն՝ Վարդանյանի վրա դրված է ոչ թե մարզական հաջողություններ ապահովելու, այլ, թող զարմանալի չթվա, մարզական անհաջողություններին նպաստելու և այդ ամենը Ծառուկյանի գլխավորած համակարգի վրա բարդելու խնդիրը։ Ըստ այդմ՝ Վարդանյանը գործելու է «Որքան վատ հայկական սպորտի համար, այնքան լավ» սկզբունքով։ Թե որքանո՞վ կկարողանա նորանշանակ նախարարը կատարել իր վրա դրած առաջադրանքը, և ի՞նչ ազդեցություն դա կունենա հայկական սպորտի վրա, կերևա մոտ ապագայում։ Մեկ բան ակնհայտ է. երկրում տիրող գաղջ մթնոլորտի պատվիրատուն նախագահական նստավայրն է»:

***

«Հայկական ժամանակը» նախորդ տարվա օգոստոսին «Ափսոս էր լեգենդը» հրապարակման մեջ անդրադարձել էր Լոնդոնում կայացած ամառային 30-րդ Օլիմպիական խաղերին: «Օլիմպիական խաղերի մեկնարկից հաշվված րոպեներ առաջ Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն էր հենց Յուրի Վարդանյանը (http://www.1tv.am/hy/1343492982), որն ի լուր ամբողջ հայության, նախ, ցույց տվեց սպորտի պատմության տարրական չիմացությունը, ապա նաեւ աչքի ընկավ սպորտի զարգացման ու հեռանկարների մասին ոչ իրական կանխատեսումներով: Մեր սպորտի լեգենդը մասնավորապես հայտարարեց. «Անկախության օրվանից չունենք ոսկի…» (հիշեցնեմ կրկին, որ 1996 թվականին կայացած Օլիմպիական խաղերում ըմբիշ Արմեն Նազարյանը նվաճել է Օլիմպիական չեմպիոնի կոչումը՝ դառնալով նորանկախ Հայաստանի առաջին ու առայժմ միակ ոսկե մեդալակիրը), ապա խոսեց իր նվաճումների մասին՝ նշելով, որ իր ռեկորդները մինչ այսօր դեռ չեն գերազանցվել: «Գիտնականները հաշվել են, որ եթե մինչեւ 2020 թվականը իմ ռեկորդները չգերազանցվեն, ուրեմն` դա մարդկային ուժի սահմանն է, ու այլեւս չեն էլ գերազանցվելու»,- հայտարարեց 1980 թվականի Օլիմպիական խաղերում չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Վարդանյանը: Տեղեկացնեմ ուղղակի, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 1997 թվականից հետո ծանրամարտիկների կողմից օգտագործվող հսկայական քանակի խթանիչների դեմ պայքարի շրջանակներում փոխեց մինչ այդ գոյություն ունեցող քաշային կարգերը, որից հետո ծանրամարտում չեմպիոնի կոչումը վիճարկում են 8 քաշային կարգերում` նախկին 10-ի փոխարեն: Բնականաբար, մինչեւ 1997 թվականը սահմանված ռեկորդները այլեւս երբեւէ չեն կարող գերազանցվել, քանի որ նման քաշային կարգեր ուղղակի գոյություն չունեն: Բայց սա դեռ իրականության մի մասն է: Ցավալին այն է, որ թե՛ հրում, թե՛ պոկում վարժությունում Յուրի Վարդանյանի ռեկորդային ցուցանիշները վաղուց գերազանցվել են բուլղարացի Արսեն Զլատեւի կողմից, որն, ի դեպ, կարողացել էր կրկնել Վարդանյանի ռեկորդային ցուցանիշը նաեւ երկամարտում: Սրանք փաստեր են, եւ ոչ թե հնչեցրած կարծիքներ: Սպորտի պատմության իմացությամբ Յուրի Վարդանյանը, մեղմ ասած, աչքի չընկավ: Նույն հաղորդման մեջ ՀՀ նախագահի խորհրդականը նաեւ մի քանի շատ վիճելի կանխատեսումներ կատարեց: «Մեր բոլոր 24 օլիմպիականներից մեդալներ ենք ակնկալում, հակառակ դեպքում նրանց չէինք ուղարկի Լոնդոն»,- հայտարարեց Յուրի Վարդանյանը: Փաստորեն, միջազգային չափանիշներին համապատասխան եւ ոչ մի կառույց չունեցող լողորդներից ու աթլետներից մեդալ էր ակնկալվել, մինչդեռ ես` իմ չիմացությամբ, մեր այդ մարզիկներից պահանջում էի միայն «ողջ-առողջ» վերադառնալ հայրենիք: «Միանշանակ՝ Չինաստանն է հաղթելու Օլիմպիադայում»,- սա էլ Յուրի Վարդանյանի հաջորդ հայտարարությունն է: Ինչպես արդեն փաստ է` Օլիմպիական խաղերում թիմային հաշվարկում անվիճելի առավելության հասավ ԱՄՆ-ը:

Սրանք ընդամենը հատվածներ էին Յուրի Վարդանյանի ելույթից, որից հետո ուղղակի կարելի է ցավել, որ մի ամբողջ սերնդի, այդ թվում` ինձ համար մարզական կուռք դարձած, սպորտում հայ մարզիկի իդեալը համարվող լեգենդար Յուրի Վարդանյանը վերածվեց ընդամենը սովորական չինովնիկի, որի հետ հույսեր կապել այլեւս հնարավոր չէ»,- ՀԺ-ում գրել էր մեկնաբան Արմեն Նիկողոսյանը:

***

Ի դեպ, այս տարվա փետրվարին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Խաչատրյանը բաց նամակով է հանդես եկել, որում մասնավորապես նշում էր. «Օլիմպիադայի ամենալարված օրերին, երբ մեր մարզիկներից մենք անձնազոհություն էինք ակնկալում և ամեն օր աղոթում նրանց հաջողության համար, դո՛ւ, Յուրիկ, սկսեցիր հարցազրույցներ տալ ու մեղադրել մարզաշխարհի ներկայացուցիչներին  ու ղեկավարներին:

Անկեղծ ասած՝ ես հույս ունեի, որ դա արել ես պահի ազդեցության տակ, ու կրքերը հանդարտվելուց հետո կհասկանաս, որ սիրուն բան չեղավ, ու կփորձես մոռացության տալ կատարվածը:

Բայց դրա փոխարեն դու շարունակեցիր նույն անպատվաբեր գործը: Դու ինչ-որ մարդկանց դուր գալու համար անընդհատ փորձում ես չարախոսել մարզաշխարհի ղեկավարների, Գ. Ծառուկյանի ու նաև ի՛մ համեստ անձի մասին:

Այսօր իմ համբերության բաժակը լցվել է: Ես այլևս ֆեդերացիայի նախագահը չեմ ու կարող եմ անտեսել Ծառուկյանի պահանջը՝ չպատասխանել: Այսօր ես պատասխանելու եմ:

Դու մեղադրում ես Գագիկ Ծառուկյանին՝ մարզաշխարհից չհասկանալու, չաջակցելու և այլ մեղքերում: Բայց գոնե դու գիտես, որ քո որդին՝ ծանրորդ Նորայր Վարդանյանն աշխատավարձ է ստացել և շարունակում է ստանալ անձամբ Գագիկ Ծառուկյանից: Մի ժամանակ՝ ամսական 500 հազար, իսկ անբավարար արդյունքներ ստանալուց հետո՝ 200 հազար դրամ: Գոնե դու գիտես, որ քո որդու համար Ծառուկյանը ստեղծել է մարզվելու և կատարելագործվելու բոլոր պայմանները: Գոնե դու գիտես, թե քո մարզական անցյալը հարգելով՝ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որքան մեծ աջակցություն է ցուցաբերել քո որդուն:

Գոնե դու գիտես, թե ինչու 2012-ին Թուրքիայում կայացած՝ Եվրոպայի առաջնությանը քո որդին չմասնակցեց: Միայն մարդկային էթիկայից ելնելով՝ես այսօր չեմ բացի բոլոր փակագծերը (խնդրում եմ՝ այսուհետ մի՛ ստիպիր, որ ես դա անեմ):

Լավ, այսքանից հետո ինչպե՞ս կարող ես դու անընդհատ չարախոսել քեզ մշտապես ընդառաջած, ձեռք մեկնած մարդու ու մարդկանց մասին:

Դու ասում ես, որ ֆեդերացիայում ծանրամարտից հասկացող մարդիկ չկան: Լավ, բա ինչպե՞ս ստացվեց, որ 2006-ից սկսած՝ ունեցանք աշխարհի երկու չեմպիոն, Եվրոպայի 13 չեմպիոն, աշխարհի առաջնությունների հինգ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների՝ մեկ տասնյակից ավելի մրցանակակիրներ, օլիմպիական չորս բրոնզե մեդալ, սահմանեցինք բազմաթիվ ռեկորդներ: Ես դեռ չեմ հիշում երիտասարդների եւ պատանիների գրանցած հրաշալի արդյունքները: Միայն նշեմ, որ պատանիների օլիմպիական խաղերում ունենք երկու մրցանակակիր, իսկ ուսանողական խաղերում՝ աշխարհի չեմպիոն: Յուրիկ, եթե այսքանից հետո դու կարծում ես, որ մեր ծանրամարտը մասնագետներ չունի, եւ որ Ծառուկյանին «ֆռռացնում» են, իսկ դու էլ ամենալավ մասնագետն ես, ապա ինչո՞ւ չես խոստանում ավելի բարձր արդյունքներ եւ գլխավորում հավաքականը: Վասիլի Ալեքսեեւից եւ Դավիթ Ռիգերտից ավելի տիտղոսակիր մարզիկ չես եղել, եթե նրանք հավաքական են մարզել, դո՛ւ էլ մարզիր, ապացուցի՛ր, որ դու ամենալավ մասնագետն ես, եթե, իհարկե, քո այս մեծ աղմուկի նպատակը պաշտոնը չէ: Երկրի համար ամենադժվարին պահին հայրենիքը լքած մարդն իրավունք չունի պետական կամ մեկ այլ պատասխանատու պաշտոն ստանձնել: Մենք խրամատում էինք, իսկ դո՞ւ… Մենք երկրի հիմքերն էինք դնում, իսկ դո՞ւ…

Յուրի՛կ, դու լավ մարզիկ ես եղել, լեգենդար մարզիկ, բայց ես քեզ ուղիղ հարց եմ տալիս’ ի՞նչ տեսակ մարդ ես դու: Ո՞ր շահի համար ես դու ուրանում մարդկային պարզ նորմերը:

Բացի՛ր աչքերդ, իսկական ողբերգություն է, որ նախկինում լեգենդար մարզիկին այսօր մարզաշխարհը չի ընդունում, մերժում է, համարում է օտար»:

***

Լոս Անջելեսում բնակվող Գրիգոր Հակոբջանյանն էլ վերջերս հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Յուրի Վարդանյանի՝ ԱՄՆ-ում բնակվելու տարիներին ու այնտեղ նրա ծավալած գործունեությանը: Սովետական կարգերի ժամանակ, երբ Յուրի Վարդանյանը համաշխարհային սպորտի նախաշեմին էր և հնարավորություն ուներ արտասահման հաճախակի մեկնել, նա որոշեց զբաղվել սրտի կլապանների առևտրով:

Նրա հաճախորդներից մեկը լենինականցի Վաչոն էր, ով հեռու ճանապարհներ մեկնող վարորդ էր:

Լինելով համաշխարհային սիրված մարզիկ՝ նրա հնարավորությունները շատ էին՝ հաճախակի մասնակցելու մրցումներին ԱՄՆ-ում:

Նրան մեծ տեղ էին տալիս սփյուռքահայերը, և նա մեծ վստահություն էր վայելում հայկական սփյուռքում, և դրա արդյունքը եղավ այն, որ երկրաշարժից անմիջապես հետո նա իր ընտանիքով տեղափոխվեց մշտական բնակչության ԱՄՆ:

ԱՄՆ-ում առնչվելով իրականության հետ՝ նա ընտրություն պետք է աներ, թե ինչ ճանապարհով պետք է պահեր իր ընտանիքը:

Իր առաջին քայլը եղավ Five Star Import-Export Company-ի բացելը, որը պետք է զբաղվեր նախկին Սովետական Միության Միջինասիական հանրապետություններից գունավոր մետաղների սպառումով:

Ինքնըստինքյան պետք էին ներդրողներ:

Ներդրողները ի հայտ եկան Լոս Անջելեսի հայկական համայնքի երկրացիները և համաքաղաքացիները, ովքեր նրան սիրում և հարգում էին հաջողակ Plumbing Company-ի տեր ու տիրական Փայլակը, Վանուխը և ուրիշ մարդիկ:

Նախագիծը ինքնըստինքյան շատ խոստումնալից էր՝  Յուրիկի շնորհիվ:

Բայց ժամանակի ընթացքում, առանց որևէ իրական գործունեություն ծավալելու, բավականին մեծ գումարներ փոշիացան: Նրա գործընկերների մոտ անհանգստություն էր առաջացել, բայց նրանք հույս ունեին, որ ինչ-որ արդյունք կստանան և մայր գումարը ետ կստանան: Բայց ժամանակը ապացուցեց հակառակը` միայն հիասթափություն:

Համոզվելով, որ նրանք խաբված էին ի սկզբանե, հաշտվեցին կորստի հետ, և այդ ամբողջ նախագծի հեղինակը` «սիրված ազգի որդի` Յուրան էր»:

Չունենալով ոչ մի իրավաբանական կրթություն՝ վերջինս բոլորին հայտարարել էր, որ նա մի իրավաբանական գրասենյակի լիիրավ գործընկերն է:

Նպատակը` իր անունն օգտագործելով՝ գրավել Հայաստանից գաղթած ստատուս չունեցող ընտանիքների ստատուս ձեռք բերելը ԱՄՆ-ում:

Նույնիսկ ծանոթ չլինելով նրան՝ մարդիկ վստահում էին և դիմում էին նրան, որպեսզի նա օգնի ձեռք բերել ստատուս ԱՄՆ-ում: Դրանցից վառ օրինակներից մեկն է 90-ականների վերջին ընտանիքով ԱՄՆ տեղափոխված մեխանիկ (Ռազվալչիկ Վարդանը), ով Յուրայի համաքաղաքացին էր և համաթաղեցին:

Վարդանը իր քրտինքով և ձեռքերի շնորհքով վաստակած մի կլոր գումար վստահեց նրան և մնաց սպասող: Վարդանը մինչև վերջ էլ մնաց սպասող՝ առանց որևէ արդյունք կամ գումար ետ ստանալու:

Մյուս իմիգրացիայի ասպարեզում խաբվածներից մեկն էլ Յուրայի համաքաղաքացի ընկերոջ աները` Մյասնիկն էր, ով բավականին ունևոր մարդ էր:

Նորից վճարելով Յուրային` 10.000-ից ավել ԱՄՆ դոլար՝ նույնպես դարձավ նրա զոհը: Նրա նեգատիվ գործունեության շնորհիվ տարիների ընթացքին Յուրայի պայծառ մարզիկի անունը վերածվեց խաբեբա «քցողի» կարգավիճակի:

Օր օրի մարդիկ, ովքեր հավատում և վստահում էին Յուրային, սկսեցին խուսափել նրա հետ շփվելուց և առավել ևս գումարային հարաբերություն ունենալուց` նրանից խաբվելու մտավախությունի: Բայց մնացել էին հատ ու կենտ մարդիկ` ովքեր չէին ուզում հաշտվել նրա նոր վաստակած իմիջի հետ:

Դրանց թվում էր հանգուցյալ Վարդգես Համբարձումյանը (թոթոլ Վարդգեսը),  ով հանդիսանում էր ֆաբրիկայի երկար տարիների Լենինականի կոշիկի ֆաբրիկայի գլխավոր տնօրենը: Նա նույնպես հանդիսացավ Յուրայի ֆինանսական զոհերից մեկը:

Սեր և հարգանք ունենալով, հաշվի առնելով կանաչ մեռոնը՝ շատ դժվար, անհնար պայմաններում կատարեց Յուրայի խնդրանքը` հայթայթելով մոտ 20.000 ԱՄՆ դոլարի չափ գումար, որի համար նա զանգահարել էր և պարտքով խնդրել քավոր Վարդգեսից:

Քավորը Հայաստանում գումարը փոխանցեց Յուրայի հորը, ով այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում: Յուրան շատ կարճ ժամանակում պետք է գումարը վերադարձներ ետ քավորին:

Յուրայի հոր` ԱՄՆ վերադառնալուց հետո, քավորը նորից զանգ ունեցավ Յուրայի կողմից և շնորհակալության փոխարեն՝ նախատինք ստացավ, թե ինչ փորձանքի մեջ գցեց քավորը Յուրայի հորը և իրեն:

Պատճառը` իբր թե քավորը իր հորը փոխանցել է կեղծ դոլարներ, որոնք առգրավվել են ԱՄՆ-ի մաքսատանը և քրեական գործ հարուցել իր հոր վրա, որ իբր փաստաբանական ծախսերը ավելացել են տուժվածի վրա:

Այս ստոր քայլը Յուրան կատարել է այն մարդու հանդեպ, ով նրա սպորտային առաջին քայլերի ակունքներից` կանգնած է եղել նրա թիկունքին, թե ֆինանսապես, թե հոգեպես…

Յուրայի ընկերները, ովքեր պետք է գային ԱՄՆ, որոշել էին և ժամանակի ընթացքում նրան էին ուղարկել արժեքավոր ունեցվածքներ` ոսկեղեն, իկոնաներ և այլ իրեր՝ առ ի պատրաստություն իրենց ընտանիքներն ԱՄՆ-ում հետագա հաստատման համար:

Սակայն Յուրան պատրվակ մեջբերելով, իբրև թե ԱՄՆ մաքսատունը գանձել է բարձր հարկ, նրանց փոխանցել է իսկական արժեքի միայն 25 տոկոսը:

Յուրայի վարկազուրկ անձը չի կարող լավ ծառայություն մատուցել իր նոր պաշտոնի վրա՝ որպես ՀՀ սպորտի նախարար: Նա կթալանի նաև նախարարության բյուջեն և աշխարհով մեկ հայկական սպորտի երկրպագուները ևս մեկ անգամ հուսախաբ կլինեն:

Ինչպե՞ս կարելի է ՀՀ սպորտի նախարարությունը վստահել պրոֆեսիոնալ «քցող» ՅՈՒՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ»:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Կարծես, նոր իմացան, որ երկրում կա պետական բյուջեի գանձագողություն’
Հաջորդ հոդվածը‘Բ. Ասատրյան. ՀայՌուսգազարդի բաժնեմասը ոչ թե «Գազպրոմին», այլ սեփական ժողովրդին վաճառեք ‘