‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում ուշադրություն է հրավիրել Բաքվի «խավիարային դիվանագիտության» վրա’

1343

Ստրասբուրգում հունվարի 27-ին մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։  

«Ժամանակն է  փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում  եւ ադրբեջանական խավիարը  այսուհետ համարել  քաղաքական լուրջ գործոն։ Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի՞ անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրադավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը։ Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիարակիրների շարքերում», — նշել է Զոհրաբյանը։

«Արդյունքում, հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար եւ թափանցիկ։

Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ։ Եւ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արդարացավ Արլակին։ Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է՝ հանուն Իտալիայի  շահերի։ Այսինքն,  նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ Եվրոպական  խորհրդարանի ներկայացուցիչը, ՙէկոնոմիստ՚ պարբերականի տվյալներով Անգոլայից եւ Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել՝ հանուն Իտալիայի տնտեսական շահերի։  Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային  հայտարարություն՝ քաղաքական կոռուպցիայի մասին։

Բնականաբար, այս ամենը հետեւանք է այն անգործության, որ դրսեւորում են միջազգային կառույցները, այ թվում  մեր Վեհաժողովը՝ Ադրբեջանի նավթախավիարային  քաղաքականության հանդեպ։

Եւ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը Ամերիկայի Միացյալ նահանգներին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ։ Ըստ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիեւին՝ 75 տոկոս ձայն։ Բնականաբար, նման սկանդալային  հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք  շարունակելու են միջազգային  կառույցներին  նստեցնել  նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չկա իրական  հակազդեցություն միջազգային հանրության  կողմից։ Եւ երբ վերջերս  ՙՖրիդըմ Հաուզը՚ Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց։

Հարգելի գործընկերներ, իրական ազատության միակ գրավականը անկախությունն է։ Թույլ չտանք, որ մեր կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները», — ասել է ԲՀԿ խմբակցոււթյան քարտոււղարը։ 

Նախորդ հոդվածը‘Շուշիի գերժամանակակից ռազմական ուսումնարանում կսովորեն տարբեր ազգությունների ներկայացուցիչներ’
Հաջորդ հոդվածը‘«Սինջար». Հայաստանի սուրբ սահմանների պաշտպանության համար մենք միասին ենք պայքարել’