‘Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Գ. Ծառուկյանի եւ ԱԱԽՔ-ի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը’

1375

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 7or.am-ի հետ զրույցում մեկնաբանել է որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում վիճաբանություն է տեղի ունեցել Անվտանգության խորհրդի անդամների Գագիկ Ծառուկյանի ու Արթուր Բաղդասարյանի միջեւ։ Ըստ այդ տեղեկությունների՝ վիճաբանության պատճառն այն է եղել, որ օրերս առանց ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գիտության՝ Արթուր Բաղդասարյանը դարձել է վոլեյբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ:

«Ես չեմ կարող ասել՝ օդանավակայանում ինչ է տեղի ունեցել, և, ընդհանրապես, ինչ–որ բան տեղի ունեցել է, թե ոչ, բայց այն, ինչ կարդում եմ որոշ քաղաքական ուժերի սպասարկող լրատվամիջոցներում, ուղղակի կատարյալ զավեշտ է։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանում չկա՛ և չի կարող լինել որևէ պաշտոնյա, անկախ իր զբաղեցրած դիրքից, որ համարձակություն ունենա Գագիկ Ծառուկյանի հետ խոսելիս անգամ ինտոնացիան բարձրացնել։ Ուստի, այս ամենը, բնականաբար, կատարյալ անհեթեթություն է, քաղաքական զրոների կշիռը բարձրացնելու հերթական ապատեղեկատվությունը», — մասնավորապես, ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ֆեդերացիայի հետ կապված խնդրին, ապա, Զոհրաբյանի խոսքով, կա հստակ կանոնադրություն, և խնդիրը կկարգավորվի օրենքի և կանոնադրության շրջանակներում։

«Որևէ ոլորտ, որը գտնվում է պարոն Ծառուկյանի վերահսկողության տակ, նրա վերահսկողությունից դուրս չի եկել և դուրս չի գալու, ինչքան էլ որոշ գործիչներ, պաշտոնյաներ փորձեն իրենց քիթը խոթել այն ոլորտներում, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում», — ասել ` ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի ԱԳ փոխնախարար. Անիմաստ է անցկացնել հանդիպումներ` հանուն հանդիպումների ‘