‘Նաիրա Զոհրաբյանի նամակը ԵԽ նախագահին. Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները’

1025

Օգոստոսի 7-ին գերի ընկած և հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դեպքի հետ կապված ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր պաշտոնական նամակ է հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին  և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին։

Նամակում ասված է՝

Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին

ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս  Մուիժնիկսին

Օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված և հայ-ադրբեջանական  սահմանը պատահականորեն հատած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 8-ին սպանվեց Ադրբեջանում։ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենաները, խախտելով միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, խախտելով Ժնևյան կոնվենցիան, ողջ աշխարհին ներկայացրեցին վիդեոկադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն ու իր վայրագություններով  հայտնի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը նվաստացնում հայ քաղաքացուն։ Հենց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած վիդեոկադրերից հստակ երևում է, որ Կարեն Պետրոսյանը, ով գերեվարվել էր օգոստոսի 7-ին, եղել է քաղաքացիական հագուսով, իսկ արդեն Ադրբեջանի հրամկազմի հարցաքննության ժամանակ նա զինվորական համազգեստով էր։ Ողջ այս թատերականացված շոուն, բնականաբար, արվել էր մեկ բանի համար, որպեսզի փորձ արվի տպավորություն ստեղծել, թե հայ երիտասարդը դիվերսանտ է։ Սակայն,  այդ անհեթեթությունը անմիջապես հերքեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալությունը, հեռարձակելով վիդեոռեպորտաժ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչների հետ զրույցից, ուր նրանք փաստում են, որ երիտասարդը եղել  է քաղաքացիական հագուստով, իրենցից թեյ է խնդրել, և չէր կարող դիվերսանտ լինել։ Հայ քաղաքացուն նվաստացումների և կտտանքների ենթարկելուց հետո, ինչը ադրբեջանական զինուժը նկարահանում և ցուցադրում է իր քարոզչամեքենաներով, հաջորդ օրը, օգոստոսի 8-ին, ադրբեջանական կողմը հայտարարում  է, որ Կարեն Պետրոսյանը մահացել է սիրտ-անոթային անբավարարվածությունից։ Նշեմ, որ 31-ամյա երիտասարդը առողջական որևէ խնդիր չի ունեցել, ուստի ակնհայտ է, որ նա տանջամահ է արվել ու  սպանվել։

Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է, որը այս ամիսներին նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում։ Մի երկիր, որը վավերացրել է  միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիան, որոնք ենթադրում են գերիների հանդեպ պատշաճ վերաբերմունք։ Սակայն, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիրը բացահայտորեն  և լկտիաբար ոտնահարում է ցանկանած միջազգային իրավունք։ Ակնհայտ է, որ Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանություններն ու անձամբ նախագահ Ալիևը, և եթե մենք ուզում ենք չկորցնել հավատն արդարության ու արդարադատության հանդեպ, այս անմարդկային դեպքի մեղավորները պետք է պատասխան տան։ Ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու հստակ գնահատականը տեղի ունեցածին և ուզում եմ հուսալ, որ Եվրոպական խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում անպայմանորեն կքննարկվի տեղի ունեցածը, կարվեն համապատասխան եզրահանգումներ։  ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ քաղաքացու սպանության համար։ Սա միանշանակ է։

Կից ուղարկում եմ նաև տեսասկավառակ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում հայ քաղաքացուն, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական  գործակալության ռեպորտաժը՝ Չինարի գյուղին սահմանակից ադրբեջանական գյուղից, ուր գերի էր ընկել Կարեն Պետրոսյանը։

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալվել են ավելի քան 25 մարդու սպանության մեջ մեղադրվող հանցախմբի անդամներ’
Հաջորդ հոդվածը‘Ռիհանան ուզում է գնել «Լիվերպուլը»’