‘Նաիրա Զոհրաբյան. Անօրինականությունների շքերթը ժողովուրդը չի հանդուրժելու’

1351

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Երևանում վճարովի կայանատեղիների նոր կարգով քաղաքային իշխանությունները չարաշահում են ժողովրդի համբերությունը։

«Այսինքն՝ սա կատարյալ անօրինականությունների շքերթ է՝ մեկը մյուսի հետևից։ Չի կարելի մտածել, որ ժողովուրդը սա էլ կհանդուրժի: Չի՛ հանդուրժելու։ Մեկ բան հստակ է. այն, ինչ անում է այսօր այդ «Փարկինգ Սիթի Սերվիս» կոչված կազմակերպությունը՝ ուղղակիորեն անթույլատրելի է»,-ասել է ԲՀԿ պատգամավորը tert.am-ի հետ զրույցում և նշել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը զբաղված է այդ խնդրով։

Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր նաև, թե ի՞նչ ծառայություն է մատուցում «Փարկինգ Սիթի» կազմակերպությունը, որի դիմաց վարորդները գումար են վճարելու։ «Ես ուզում եմ իմանալ, թե արդյոք նա պատասխանատու լինելու՞ է իմ մեքենայի համար, պարզվում է, որ՝ ոչ։ Որևէ ծառայություն չի մատուցվում. ընդամենը քաղաքի տարբեր մասերում քաշել են կարմիր գծեր և որոշել են, որ վարորդը դրա համար ինչ-որ մեկին պետք է հարստացնի»,- ասաց նա։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ 100 դրամ չվճարելու համար սահմանված տուգանքի 5 000 դրամ չափը տրամաբանությունից դուրս է։

«100 դրամի համար 5000 տուգանվելը, դա աբսուրդ է, տրամաբանության մեջ չի մտնում: Պատկերացրե՛ք՝ դա 100 դրամի 50-ապատիկն է։ Ես կարծում եմ, որ այս համակարգը պետք է փոխվի, որովհետև որևէ տրամաբանություն չկա։ Կամ ո՞վ է ասել, որ բոլոր վարորդները պետք է բջջային հեռախոս ունենան։ Կամ մինչև ուժի մեջ մտնելը հանրությանն իրազեկելու ժամկետի հարցը»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները պատրաստվում են լուծել վճարովի կայանատեղիների խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Կայանման «Ֆ.Ա.Ք.»-ը կամ ֆրեքյուենթլի ասքդ քուեսշընզ ըբաութ փարքինգ ին Երևան’