‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ը դեռ չի հասցրել առաջարկով դիմել ՀՀԿ-ին ‘

1029

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ին պաշտոնական հրավեր չի ուղարկել նախօրեին կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ նախօրեին հնչեցրաց առաջարկները քննարկելու վերաբերյալ: iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ինքը՝ տիկին Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով մասնավորապես առաջարկվում է առաջիկա հինգ տարիներին սահմանադրական փոփոխությունների միջոցով անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: Նա նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:

Մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի հայտարարությունն այն մասին, որ Հանրապետականը ստացել է ԲՀԿ հրավերը, բայց չի մասնակցելու քննարկումներին, Նաիրա Զեհրաբյանն ասաց.

«Անկեղծ ասած՝ ինձ զարմացրեց իմ հարգարժան գործընկերոջ մեկնաբանությունը: Ասեմ, որ ես եմ դիմում քաղաքական կուսակցություններին, եւ բնականաբար, պատրաստվում էի դիմել նաեւ ՀՀԿ-ին: Մինչ այս պահը ես զրուցել եմ ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգության» ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ՝ փոխանցել եմ մեր պաշտոնական առաջարկը՝ սկսել քաղաքական կոնսուլտացիաներ, նշելով, որ պատրաստ ենք օրակարգի վերաբերյալ իրենց հարցերը լսելու:  

Դեռեւս չեմ հասցրել դիմել Հանրապետական եւ մնացած այլ կուսակցություններին, ինձ համար հասկանալի չէ, թե «Բարգավաճի» անունից ով է դիմել ՀՀԿ-ին, համենայնդեպս, տիկին Աճեմյանի պատասխանից մեզ համար հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ը կմերժի ԲՀԿ-ի առաջարկը, եթե ԲՀԿ-ը, այդուհանդերձ, այդ առաջարկով դիմի Հանրապետականին»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճի» առաջարկին ՀՀԿ կողմից եղած մեկ այլ արձագանքի՝ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր արած հայտարարության մեջ հնչած թեզերը քննարկվել են բացառապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:

«Եվ թե ինչ ենթատեքստեր են տեսնում մեր գործընկերները  մեր առաջարկության շուրջ, կողքը, հետեւում, վերեւում կամ ներքեւում, դա բացառապես իրենց գործն է» , — ասաց տիկին Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի կտրուկ նահանջը’
Հաջորդ հոդվածը‘Ռյազանի շրջանում աղետի է ենթարկվել Як-18 ինքնաթիռը ‘