‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ի էլեկտորատի կողմնորոշելու մասին իմաստ կունենա խոսել, երբ հայտնի կլինեն բոլոր թեկնածուները’

1601

iLur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը

Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ քաղխորհրդի որոշումը՝ թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին:

-Գագիկ Ծառուկյանը կայացրել է իր որոշումը՝ չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում եւ մենք հարգում ենք մեր կուսակցության նախագահի ընդունած որոշումը։ Այո, կուսակցությունում գերակա է եղել տեսակետը, որ ԲՀԿ-ն ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածոուվ, եւ ես ինքս այդ տեսակետի կողմնակիցն եմ եղել, բայց մենք պիտի ընդունենք նաեւ, որ այս լրջագույն հարցում կա անձնական, անհատական որոշման խնդիր։ Վստահեցնում եմ ձեզ, որ Գագիկ Ծառուկյանն այդ որոշումը կայացրել է լրջագույն վերլուծություններից հետո։

Արդյոք տարօրինա՞կ չէ, որ ԱԺում իր մեծությամբ 2-րդ քաղաքական ուժը, որը ունի 450 հազար ձայն, չի առաջադրում նախագահական ընտրություններին թեկնածու, ավելին՝ չի սատարում ոչ մեկին: Եվ ի՞նչ է անելու ձեր ընտրազանգվածը:

-Ոչ, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր քայլերի տրամաբանությունը, եւ որոշումները կայացվում են ոչ թե  այն ելակետից, թե քաղաքական որ վերլուծաբանի համար ինչը կարող է տրամաբանական, ընդունելի, կամ անընդունելի լինել, այլ թե ինչ քաղաքական ռազմավարություն է ընտրել տվյալ կուսակցությունը։ Ինչ վերաբերում է էլեկտորատի կողմնորոշելուն, երբ հայտնի կլինեն բոլոր թեկնածուները, կարծում եմ, այդ ժամանակ էլ իմաստ կունենա այդ մասին խոսելը։

Քանի որ Ծառուկյանի որոշումը եղավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, տեսակետ կա, որ նա վախեցավ Ս.Սարգսյանի դեմ ընտրապայքարի մեջ մտնելուց:

-Անլուրջ խոսակցություններ են։ Ի սկզբանե հայտնի էր, որ գործող նախագահը առաջադրվելու է եւ Գագիկ Ծառուկյանն այդ մասին չի իմացել ձեր նշած հանդիպման ժամանակ, եթե, իհարկե, դուք վստահ եք, որ նման հանդիպում եղել է։

Ճի՞շտ են տեղեկությունները, որ Ս.Սարգսյանը Ծառուկյանի դեմ կոմպրոմատների թղթապանակ է դրել՝ խոստանալով դրանք գործի դնել ընտրությունների ժամանակ, եւ որ այդ պատճառով ԲՀԿն նման որոշում ընդունեց:

-Գիտեք, վերջին շրջանում քաղաքական բանահյուսության այնպիսի գոհարներ են շրջանառվում, որ զարմանում ես, թե որքան հարուստ է հայ քաղաքական բանահյուսության ռացիոնալիզատորական միտքը։ Այս միտքը եւս, արդեն թեւավոր խոսք դարձած «դեղձի ծառի» սերիայից է։ Ոչ ավելին։

Արդյո՞ք այսքանից հետո Ծառուկյանի վարկանիշը անկում չի ապրի:

-Մենք հանրության հետ մշտապես եղել ենք բաց ու ազնիվ, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը ճիշտ կհասկանա եւ կընդունի Ծառուկյանի որոշումը։

ԲՀԿն հայտարարել է, որ չի սատարելու որեւէ մեկին, սակայն կարծիք կա, որ Ծառուկյանը, ԲՀԿականները, ԲՀԿ տարածքային կառույցների մի մասը եւ այլն, այնուամենայնիվ, ոչ բացահայտ, բայց պաշտպանելու են Սերժ Սարգսյանին: Ավելին, ԲՀԿի՝ գործարար խավը թեքվելու է իշխանության կողմը:

-ԲՀԿ-ն հայտարարել է, որ որեւէ թեկնածուի չի սատարելու, իսկ մնացյալը կրկին ենթադրությունների  ոլորտից է։

Այսքանից հետո Կոնգրեսի հետ շարունակվելո՞ւ է համագործակցությունը, թե՞ ոչ: Ի դեպ, կարծիք եղավ, որ այսպես ԲՀԿն «քցեց» Կոնգրեսին, քանի որ Կոնգրեսի  հետ համագործակցությունն էլ, փաստորեն ավարտվեց:

-Մշտապես ասել ենք եւ հիմա էլ կրկնեմ, որ բոլոր այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք միտված կլինեն մեր երկրի զարգացմանը՝ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Իսկ ՀԱԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի հետ մենք բավականաչափ ակտիվ խորհրդարանական համագործակցություն ունենք եւ ես պատճառ չեմ տեսնում դա ընդհատելու։

Կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿն այսպիսով պաշտոնապես չեղյալ հայտարարեց 2011թ. փետրվարի կոալիցիոն հուշագիրը:

-Ես  բազմիցս ասել եմ, որ եթե ինչ-որ մեկը կարող է ապացուցել, որ այսօր գոյություն ունի ՀՀԿ- ԲՀԿ- ՕեԿ կոալցիա, ապա ես պատրաստ եմ վերջինիս հետ քննարկել  չեղած հուշագրի հետ կապված ցանկացած հարց։

Տեսակետ կա, որ ԲՀԿ քաղաքական թիմը անչափ դժգոհ է Ծառուկյանի այդ որոշումից եւ առաջիկայում սպասվում էոր որոշ պատգամավորներ, հատկապես քոչարյանական թեւիցիրենց մանդատները վայր կդնեն։ Մասնավորապես՝ Վարդան Օսկանյանը։

 

-Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմանն անդրադարձել է եւ ես, անկեղծ ասած, նման տրամադրություններ որեւէ մեկի մոտ չեմ նկատել։  Իսկ չեմ նկատել, քանզի նման տրամադրություններ ուղղակի չկան։ Անկախ  նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ի՞նչ մոտեցում է ունեցել առաջիկա նախագահական ընտրություններին, մենք բոլորս հարգանքով ենք վերաբերել Գագիկ Ծառուկյանի որոշմանը։  

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘«Վերեւում Տարոն կա» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գավառագետը դարձել է աղբավայր ‘