‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն խմբակցության ողջ կազմով միացավ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը ‘

1080

«Եթե «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացրած նախագիծն անցներ համապատասխան ընթացակարգեր, խորհրդարանում կարող էր քննարկման դրվել միայն նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ գարնանային նստաշրջանում, սակայն ԲՀԿ-ն ողջ խմբակցությամբ միացավ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հրավիրում ենք արտահերթ նիստ տվյալ օրակարգով, գործընթացները ցույց կտան:Եթե իրենք (հանրապետականները- խմբ.) գտնում են, որ այդքան սասափելի է անգամ նախագիծը քննարկելը, ապա ես էստեղ մեկնաբանելու որևէ բան չունեմ»,- ասաց Զոհրաբյանը:

Խոսելով կուսակցությունների հետ խորհրդարանական համակարգին ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ քննարկումները կուսակցությունների հետ լինելու են շարունակական, և միայն գործընթացն ավարտելուց հետո կարելի կլինի խոսել՝ հնարավոր եղա՞վ ձևավորել միասնական օրակարագ, թե՞ ոչ:

«Այն քննարկումները գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք մենք ունեցել ենք, ներշնչում են լավատեսություն, այո, հնարավոր է լինելու ձևավորել քաղաքական կարևորագույն հարցերի այնպիսի օրակարգ, որոնք մեր երկրում կբերեն համակարգային փոփոխությունների»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին վերաբերող հարցերին՝ Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն առաջիկայում համապատասխան որոշմամբ հանդես կգա, ու ավելին այս պահին չի կարող ասել:

«Քննարկումները շարունակվելու են քաղաքական խորհրդում, և շատ ժամանակ չմնաց սպասելուն, առաջիկայում մենք կունենանք որոշում, որը որևէ մեկից գաղտնիք չենք պահելու»,- եզրափակեց պատգամավորը:

 

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 21-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը քննադատել է Պաղեստինի գործողությունները ‘