‘ Նաիրա Զոհրաբյան. Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու ուղիներ է փնտրում’

792

Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու ուղիներ է փնտրում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ խորհրդարանի եվրաինտեգրման քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը քննարկման համար պատրաստել էր «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախագիծը: Փաստաթուղթն անվանվում էր. «Արևելյան գործընկերության 20 դրույթները Վիլնյուսից հետո»: Փաստաթղթում բոլոր մասնակիցներին, ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից բացի, առաջարկվում էր քննարկել այսպես կոչված «Եվրոպական փաթեթը», որտեղ խոսքը  ազատ տեղաշարժի ու վիզաների, ուսանողների փոխանակման, երկկողմ ծրագրերի, ինչպես նաև ԵՄ հասարակական ծրագրերին ընդլայնված մասնակցության մասին է:

Ըստ Զոհրաբյանի՝ փաստաթղթի մանրամասներին ինքը ծանոթ չէ, հետևաբար՝ հստակ եզրակացություններ անելը դեռ վաղ է: «Սակայն Եվրամիության առաջարկները, ընդհանուր առմամբ, ինձ ոգեշնչոմ են: Դա նշանակում է, որ ԵՄ-ն, չնայած հայտնի իրադարձություններին (ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը.-խմբ), շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու ուղիներ փնտրել` «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Ես վստահ եմ, որ երկխոսությունն առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից»,-նշել է հանձնաժողովի ղեկավարը:

Նրա խոսքով՝ ԵՄ մինչ օրս Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան չի ստացել, թե որ ոլորտներում է Երևանը տեսնում Բրյուսելի հետ համագործակցության շարունակությունը և երկխոսությունը: «Բայց ես գրեթե վստահ եմ, որ նոր փաթեթը պարունակում է ԵՄ այնպիսի առաջարկներ, որոնք, ավելի շուտ, վերաբերում են մարդու իրավունքների, դեմոկրատիայի և կոռուպցայի դեմ պայքարի ոլորտներին»,-ասել է պատգամավորը:

Միաժամանակ՝ նա չի բացառում, որ ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները կարող են նաև մերժել ԵՄ առաջարկները՝ պատճառաբանելով, որ դա «հակասում է Մաքսային միության անդամակցությանը»: «Այդ վտանգը միշտ էլ կա: Բայց, այնուամենայնիվ, երբ մենք կտեսնենք առաջարկների բովանդակային մասը, ապա այն ժամանակ էլ կարող ենք ասել, թե արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ընդառաջ կգնան ԵՄ առաջարկներին, թե՞ ոչ»,-ասել է պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ Արմեն Էլբակյանին. «Բարձր եմ գնահատում Ձեր ամպհովանու տաղանդը»’
Հաջորդ հոդվածը‘ Գյանջայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում’