‘Նաիրա Զոհրաբյան. Երբ ճշգրտվեն տեղը և ժամանակը, պատրաստ ենք ՀԱԿ-ի հետ քննարկումների’

1096

Մենք ասել ենք, որ պատրաստ ենք լսել նաև այլ կուսակցությունների օրակարգը, երբ կճշգրտվեն տեղը և ժամանակը, մենք նաև պատրաստ ենք քննարկումների Հայ ազգային կոնգրեսի հետ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերվում ՀԱԿ-ի՝ խորհրդարանական համակարգին անցնելու քննարկումների օրակարգն ընդլայնելու առաջարկին:

«Դա չի նշանակում, որ մենք կամ իրենք մեր օրակարգի բոլոր հարցերին պիտի համաձայն լինենք, քննարկումները հենց նրա համար են, որ կարողանանք գտնել օպտիմալ օրակարգը: Մենք ծանոթացել ենք, նայել ենք ՀԱԿ-ի օրակարգը, հիմա ես չեմ ցանկանում օրակարգի կետերը մեկ առ մեկ քննարկել, ասել՝ օրակարգի այս կետին համաձայն ենք, այս կետին համաձայն չենք»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ կարող է՝ իրենց օրակարգում էլ լինեն դրույթներ, կետեր, որոնց  հետ ՀԱԿ-ը համաձայն չլինի կամ մասամբ համաձայն լինի:

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միշտ եղել է ոչ թե ձեւական, կոսմետիկ փոփոխությունների, այլ բովանդակային բարեփոխումների կողմնակից, ուստի ձևն իրենց չի հետաքրքրում, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց.

«Ես չեմ կարծում, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին կամ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելը կոսմետիկ փոփոխություններ են, ընդհակառակը՝ դրանք լուրջ, ես կասեի՝ անգամ ռադիկալ փոփոխություններ են»:

Արձագանքելով Շարմազանովի մեկ այլ հայտարարությանը, թե «ԲՀԿ-ի առաջարկը պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված», Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց նրանց, ովքեր իրենց հայտարարությունների հետևում ստվերներ են տեսնում, դիմել ակնաբույժի:

Նախորդ հոդվածը‘«Ալիտալիան» կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Հայաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի բռնցքամարտիկը խաղադրույքով մեկ միլիոն դոլար է շահել’