‘Նաիրա Զոհրաբյան. Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական թեկնածուով, և դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը ‘

893

«ԱԺ-ն այս քառօրյային մերժեց ԲՀԿ-ի կողմից ներկայացված մի շարք սոցիալական նախագծեր, որոնք, սակայն, կրկին կդնենք շրջանառության մեջ: Մեզ համար անընդունելի էր նվազագույն աշխատավարձի շեմը 35 000 դրամ սահմանելու նախագիծը, այդ իսկ պատճառով մենք ձեռնպահ քվեարկեցինք: Հաջորդ քառօրյային երկրորդ ընթերցմամբ քննարկվի կենսաթոշակային կուտակային համակարգին անցնելու փաթեթը, որին մենք դեմ ենք քվեարկելու, քանի որ անընդունելի ենք համարում այս համակարգի ներդրումը՝ Հայաստանում տիրող աղքատության բարձր տոկոսի պատճառով, իսկ մեր առաջարկությունը՝ համակարգը ներդնել ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով, չընդունվեց»:  Ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր, հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով գալիք ընտրություններին Սերժ Սարգսայնի թեկնածությունը պաշտպանելուն և ՀՀԿ-ԲՀԿ հուշագրի առկայությանը՝ Նաիրա Զոհրաբյանը միայն նշեց, որ ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիա չկա, և, ըստ նրա, դրանով ամեն ինչ ասված է:
Այն հարցին, թե ԲՀԿ-ն ինչու երբեք չի քննադատում Սերժ Սարգսյանին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.
«ՀՀ կառավարությունն է պատասխանատու երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական կառավարման համար, և մենք մեր դիտողությունները հասցեագրում ենք կառավարությանը»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց , որ ոչ մի նոր հուշագրի ստեղծման վերաբերյալ ԲՀԿ-ն ոչ մի քննարկում չի իրականացնում՝ հայտնելով սեփական կարծիքը, ըստ որի՝ ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական թեկնածուով, և դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում բացվել է աշխարհի ամենանեղ շենքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գվատեմալայում մայաների ցեղի հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել (Լուսանկարներ)’