‘Նաիրա Զոհրաբյան. Մենք միասին կկառուցենք ուրիշ Հայաստան’

1491

2014 թվականի հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետական ռեկետ է: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, իշխանությունների հավաստումները, որ այս համակարգը բխում է միայն Հայաստանի քաղաքացիների շահերից, սուտ են: «Այս համակարգը բխում է միայն իշխանությունների, կլանի շահերից, որին օդի նման անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ»,-նշեց է նա:

Պատգամավորը կոչ արեց հասարակությանը միավորվել, քանի որ, նրա կարծիքով, միայնակ հնարավոր չէ հասնել հաղթանակի: «Մենք կարող ենք հաղթել միայն համատեղ, և մենք դա կանենք, ինչպես պետական ռեկետը կանգնեցնելու, այնպես էլ գազային համաձայնագրերի և այլ հարցերում: Մենք միասին կկառուցենք ուրիշ Հայաստան, որտեղից մարդիկ չեն հեռանում»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Հանրահավաքի կազմակերպիչները` «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ այդ օրենքի ներդրումով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերը կրճատվում են 6.6%-ից մինչև 13%: «Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից բացի ոչ ոք առաջինը չի բարձրացնի մեր իրավունքների պաշտպանության հարցերը: Հետևաբար, եկեք միասին պահանջենք, որպեսզի կասեցվի այդ օրենքը»,- նշեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր ելույթում նույնպես վճռական պայքարի կոչ արեց: Նրա խոսքով. Քաղաքացիական հզոր պայքարը հնարավորություն կտա հասնել հաղթանակի մինչեւ մարտի 28-ը, այն օրը, երբ Սահմանադրական դատարանում կքննվի ԱԺ 4 խմբակցությունների` օրենքի սահմանադրականությունը վիճարկող դիմումը:

«Մենք մեր վերջնական հաղթանակը պետք է ամրագրենք մարտի վերջ եւ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք պետք է շարունակենք մեր պայքարը»,- ասաց նա՝ հայտարարելով` «Հաղթանակ»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նշեց, որ այսօրվա հանրահավաքը աննախադեպ է, որովհետեւ քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ հրապարակում համախմբվել են բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը:  

Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվել էր մի քանի տասնյակ հազար մարդ: Քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների ելույթները հավաքվածներն աջակցում էին «Մենք ենք մեր երկրի տերերը», «Մենք դեմ ենք» և «Միացում», «Սերժիկ, հեռացիր», «Կասեցում» բացականչություններով: Բողոքողների շարքերում էին բազմաթիվ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: 

Նախորդ հոդվածը‘HSBC Բանկ Հայաստանը 8 մլրդ դրամ զուտ շահույթով հանդիսանում է համակարգի 2013 թվականի առաջատարը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին դուստր է ունեցել’