‘Նաիրա Զոհրաբյան. Միգուցե Իշխան Զաքարյանը մեր աջակցության կարի՞քն ունի (տեսանյութ)’

984

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որը Ազգային ժողովում ներկայացվում է պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի կողմից, լեգիտիմ չէ: Այս մասին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ հաշվետվությունը այս անգամ, պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն՝ ԱԺ-ում ներկայացնում էր ՎՊ-ի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը հակասում է Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգին:

«ՎՊ-ի  մասին օրենքի 9-րդ հոդվածում նշվում է, որ Վերահսկիչ պալատի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, իսկ այս դեպքում Սեյրան Ավագյանը հանդիսանում է խորհրդի անդամ: Ավագյանը կարող է ներկայացնել հաշվետվությունը միայն այն պարագայում, երբ նախագահի պաշտոնը թափուր է, եւ նրա տեղակալը չի կարող նրան փոխարինել: Որքանով տեղյակ եմ՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, եւ Զաքարյանը շարունակում մնալ ՎՊ-ի նախագահ: Մենք իրավունք ունենք նրա չներկայանալու մասին ստանալ մի շարք հարցերի պատասխաններ: Հնարավոր է,  որ նրան ուղղակի չեն թույլատրել ներկայանալ, եւ նա ունի մեր աջակցության կարիքը, կամ էլ առկա են մի շարք այլ պատճառներ, որոնք պետք է պարզել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում խորհրդարանում, լեգիտիմ չէ: Պատգամավորը նշեց նաեւ, որ Իշխան Զաքարյանի բացակայության պատճառները պարզելու նպատակով իրենք պատրաստվում են անձամբ զրուցել նրա հետ: 

Նախորդ հոդվածը‘Եղվարդում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիպուկահարը վիրավորել է Տավուշի մարզի Մովսես գյուղի 85-ամյա բնակչին’