‘Նաիրա Զոհրաբյան. Վարդան Վարդանյանը իրեն ուղղվելիք հարցերի պատասխաններն ունի’

852

Բնական պետք է համարենք, որ այս փուլում Վարդան Վարդանյանը, որպես գերատեսչության ղեկավար, հրավիրվում է ոստիկանություն՝ որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու և ես վստահ եմ, որ Վարդան Վարդանյանն իրեն ուղղված կամ ուղղվելիք հարցերի պատասխանները միանշանակորեն ունի: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե կլինեն մտահոգիչ զարգացումներ, եթե մենք կտեսնենք, որ փորձ է արվում գործընթացը իրավական հարթությունից շեղել, բնականաբար, այլ դիրքորոշում կհայտնենք: Միայն այն, որ վերջին շրջանում թիրախավորված ընտրվում են այն պաշտոնյաները, որոնք «Բարգավաճի» քվոտայով են պաշտոնավարել, և այն, որ մեր կուսակից ընկերների ղեկավարած ոլորտներն են թիրախ դառնում նման, այսպես ասած, բացահայտումների համար, իհարկե մտահոգիչ է», — նշեց նա:

Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Վարդանյանը գործում ներգրավվի որպես մեղադրյալ, Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին նման հավանականություն չի տեսնում՝ միաժամանակ նշելով, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:

«Եթե հանցակազմի բացարձակ բացակայության դեպքում Վարդան Օսկանյանի հանդեպ հարուցվում է մեղադրանք, ապա որևէ զարգացում ուղղակիորեն բացառել հնարավոր չէ: Այս պահին նման մտավախություն չեմ տեսնում, բայց տեսականորեն որևէ բան բացառել, իհարկե, հնարավոր չէ»:

Զոհրաբյանի խոսքով՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես հետևում է գործընթացներին:

Հիշեցնենք, որ  նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը երեկ կանչվել է ոստիկանություն՝ Հանրային գրադարանի վերանորոգման չարաշահումների փաստի առթիվ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու:

Նախորդ հոդվածը‘«Մարիոթի» տանիքի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Քութաիսիում’