‘Նաիրա Զոհրաբյան. Վարչապետին երկարաժամկետ փողեր են պետք ‘

2004

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը

-Տիկին Զոհրաբյան, ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները վաղը դիմելու են ՍԴ` Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ: Ինքներդ ի՞նչ ակնկալիք ունեք ՍԴ-ից:

-Երեւի թե  ճիշտ չէ այս պահին գնահատական հնչեցնելը, բայց ես իրատես եմ: Լինեմ անկեղծ` քանի որ ՍԴ-ն իշխանական խաղի կանոններում ներգրավված սուբյեկտ է, որը երբեք չի շեղվել, չի շեղվում եւ չեմ կարծում, թե այսուհետ եւս շեղվի խաղի այդ կանոններից՝ ինձ համար գրեթե կանախատեսելի է ՍԴ-ի որոշումը: Քանզի թիմը խաղի կանոններից շեղվողներին չի ներում։ Հավանաբար՝ մի 200 էջանոց որոշում կլինի, ՍԴ եզրափակիչ  ճառը կտեւի 5-6 ժամ, կասվեն խուճուճ նախադասություններ, եւ կլինի իրավական տերմինների մի ողջ հեղեղ՝ առ ոչինչ։ Սակայն ճանապարհը սա է, եւ մենք այլ քայլերի դիմելուց առաջ պետք է անցնենք ահա այս ճանապարհով:

-Այս օրենքին ինչո՞ւ եք դեմ, որովհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, ասում էր, որ սա հրաշալի համակարգ է:

— Եթե սա հրաշալի համակարգ էր, ապա հարց եմ տալիս` ինչո՞ւ նույն Տիգրան Սարգսյանի թիմի, նրան հոգեհարազատ ԿԲ-ի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության` օրենքի պահանջներին բավարարող անձերն այս ընթացքում, օր առաջ, չեն շտապել օգտվել այդ հրաշալի համակարգի կամավոր բաղադրիչից, ինչո՞ւ իրենք իրենց բոնուս չեն շնորհել՝ երեք տարի պլյուսով բարեկեցիկ ծերություն ապահովելու համար, եթե կուտակային համակարգը կամավորության սկզբունքով գործում է 2011թվականից: Թե՞ լատենտ  մազոխիստներ են եւ ուզում են, որ հունվարի 1-ից,  օրենքի իմպերատիվ ուժով, զոռով իրենց պարտադրեն բարեկեցիկ ծերություն։ Մեկ բան աներկբա է՝  որեւէ մեկը քաղաքացուն չի կարող պարտադրել, թե ինչպես տնօրինի իր սեփական միջոցները: Դա Սահմանադրության կոպտագույն խախտում է, եւ ընդհանրապես՝ այս օրենքը Սահմանդրության  մի քանի այլ դրույթների հետ եւս ունի լրջագույն խնդիրներ: Իսկ վարչապետը, բնականաբար, պետք է պաշտպանի իր պրոյեկտը, քանզի նրանց երկարաժամկետ փողեր են պետք: Դա էլ հրապարակավ հայտարարվեց ԱԺ դահլիճում։ Ուղղակի նրանք չեն կանխատեսել, կամ չեն ցանկանում կանխատեսել այս օրենքի իրական վտանգավոր հետեւանքները։

-Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեզ տված հարցազրույցում ասում էր, թե ՀՀ-ում ծերացող հասարակություն է, կենսաթոշակառուներին բարձր թոշակ տալու խնդիրը կարող է լուծվել երկու ճանապարհով` կամ այս համակարգի ներդրմամբ, կամ հարկերը բարձրացնելով: Ըստ նրա՝ այլ ելք չկա։

-Ճիշտ չի ասում. իրավիճակից դուրս գալու ելքերը բազմաթիվ են: Պետք չի ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի միջեւ: Պարզապես պետք էր ժամանակին ճիշտ եւ գրագետ տնտեսական քաղաքականություն վարել, որպեսզի երկիրը չկանգներ վատի եւ վատթարագույնի աղետալի ընտրության առաջ:

-ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին իշխանությունները պարբերաբար հիշեցնում են, որ ձեր` կոալիցիայի կազմում եղած տարիներին է ներդրվել այս համակարգը, եւ այն ժամանակ դեմ չեք եղել այդ նախագծին, ավելին` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները հենց այս կուսակցություններից են եղել, ուստի հիմա ձեր քննադատությունները տեղին չեն:

— Թող մեր նախկին նախարարներին պարբերաբար հղումներ չանեն։ Բոլորն էլ գիտեն, որ կառավարությունում քվեարկություն, որպես այդպիսին, գրեթե չի լինում։  Ինչ վերաբերում է  խորհրդարանական խմբակցությանը, ապա, այո, 2010թ. մենք չէինք կարող կանխատեսել, որ կառավարությունը, նույն այս վարչապետի գլխավորությամբ, նման արագացված տեմպերով   երկիրը  կհասցնի անդունդի, կործանման եզրին, եւ չի լինի հավատ որեւէ նախագծի հանդեպ, որը ներկայացնում է քաղաքական այս թիմը։ Կներեք, որ չենք կանխատեսել։  Նման աղետ ուղղակի հնարավոր չէր կանխատեսել։

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘ Իրանահայ լրագրող. Իրանական գազը կարող էր հաղթաթուղթ ծառայել «Գազպրոմի» հետ բանակցություններում’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի դեսպան. Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է, հետո կլինի Ռիգան’