‘Նաիրա Զոհրաբյան. 2013 թվականի բյուջեն՝ սողալու բյուջե’

849

2013 թվականի բյուջեի քննարկման վերջին օրը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կուսակցության տեսակետը.

«Հանձնաժողովներում բյուջեի քննարկումից պարզ դարձավ, որ բյուջեում սոցիալական ծախսերը կրճատվել են, այսինքն՝ այս բյուջեն չի լուծելու ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիր: Քննարկումների բոլոր օրերին տարբեր պատգամավորների մեկ կոնկրետ հարցադրմանը, թե արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2013 թվականին ավելի լա՞վ է ապրելու, քան 2012 թվականին, հետևեց պաշտանական պատասխան՝ ոչ, իհարկե մեկ մխիթարող հետգրությամբ՝ ապրելու ենք վատ, բայց անցնցում:

Երկրորդ՝ 4% ± 1% գնաճի պայմաններում ակնհայտ է, որ աղքատությունը խորանալու է, այսինքն՝ աղքատության դեմ հռչակված սրբազան պատերազմը ու բազմաթիվ նմանատիպ այլ պատերազմներ, փաստորեն, մնալու են, հերթական անգամ, բարոյական պատերազմի տիրույթներում, ես այս անգամ չգիտեմ՝ բարոյական այս պատերազմի տիրույթում գոնե բարոյական հաղթանակ կարձանագրվի՞, թե՞ ոչ:  Ամենուր ամպագոռգոռ հայտարարվում է 6,2% տնտեսական աճ, իսկ որակական որևէ արդյունք չկա, այն դեպքում, երբ քաղաքացու սոցիալական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վատ, իսկ թե նման տնտեսական աճը, որը պիտի իր որակական արդյունքն ունենար քաղաքացու կենսամակարդակի վրա, ես չգիտեմ, թե որտեղ է երևում:

Ես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր միլիոնավոր դոլարներ արժողությամբ դասախոսություններ կարդալ կարտոֆիլի բերքատվությունը լավացնելու վերաբերյալ ու այդպես էլ չհասկանալ, թե որտեղից կարելի է գտնել այն միջոցները, որոնք նվազագույն աշխատավարձը կդարձնեին նվազագույն արժանապատիվ աշխատավարձ:

Նախկին տարիներին բյուջեների քննարկման ժամանակ մենք ունենում էինք ինչ-որ նվազագույն հիմք՝ ասելու զարգացման, հեռանկարի մասին: 2012 թվականի բյուջեն որակեցինք որպես գոյատևման բյուջե, իսկ ամենամեծ երևակայության դեպքում այս տարվա բյուջեն անգամ գոյատևման բյուջե որակել հնարավոր չէ, սա սողալու բյուջե է, այսինքն՝ այս բյուջեով ՀՀ քաղաքացին կարող է լավագույն դեպքում սողալ, եթե ԵՄ գոտում այսինչ ցնցումը չլինի, ՌԴ-ում այնինչ ցնցումը չլինի:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ բարձր է գնահատում ՀՀ քաղաքացու արժանապատությունը,  մենք չենք կարող կողմ քվեարկել մի բյուջեի, որը ստիպելու է նրան սողալ: ԲՀԿ դեմ է քվեարկելու այս բյուջեին»:

Նախորդ հոդվածը‘Հույները սուրճը լցրել են Գերմանիայի հյուպատոսի վրա’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչի հրաշք գոլը չի ընդգրկվի 2012թ. Տարվա գոլի քվեարկության մեջ’