‘«Նաիրիտի» խճճված կծիկի ծայրը կառավարության շենքում է’

1869

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ կառավարության դիմաց կրկին պահանջում էին իրենց աշխատավարձը: Գործարանի աշխատակիցների ներկայացուցիչները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ: Աբրահամյանը նշել է, որ դեկտեմբերի 15-ին աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձ, իսկ ևս մեկ ամսվա աշխատավարձ էլ՝ մինչև տարվա վերջ: Նաիրիտցիները, սակայն պահանջել են ամբողջ՝ մոտ 18 ամսվա աշխատավարձի պարտքը:

Հովիկ Աբրահամյանն ի պատասխան այս պահանջի նշել է, որ բյուջեում գումար չկա պարտքն ամբողջությամբ վճարելու համար: «Դուք լրիվ բարոյական իրավունք ունեք ձեր աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից և էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ»,- ասել է Աբրահամյանը:

Կառավարությունը առաջին անգամը չէ, որ փորձում է աշխատավարձերը (ընդհանուր առմամբ՝ մոտ 19 մլն դոլարի պարտքը) վճարելու պարտավորությունը դնել գործարանի սեփականատերերի վրա: Մինչդեռ, պետության պարտավորությունը շատ հստակ է, քանի որ ՀՀ կառավարությունն է 2006-ին գործարանը վաճառել Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը: Վերջինս ԱՊՀ Միջպետական բանկից «Նաիրիտի» բաժնետոմսերի գրավադրմամբ վարկ է վերցրել՝ գործարանը գնելու համար: Առքուվաճառքի պայմանագրի համաձայն, եթե հինգ տարվա ընթացքում նոր սեփականատերի՝ 120 մլն դոլարի ներդրում չկատարելու դեպքում Կառավարությունը կարող է իր բաժնեմասերը հետ վերցնել: Սակայն, չնայած, որ որեւէ ներդրում այս ընթացքում չի կատարվել, կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել՝ գործարանը իր տնօրինության տակ վերցնելու ուղղությամբ:

Գործարանի աշխատակիցներին այս ընթացքում անընդհատ գործարանը վերագործարկելու եւ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելու խոստումներ են տրվել, որպեսզի որակավորված մասնագետները չտեղափոխվեն այլ աշխատանքի: Իսկ հիմա, երբ «Նաիրիտը» վերագործարկելու փորձերը ձախողվել են, գործարանի տնօրինությունը ծանուցումներ է ուղարկել 2200 աշխատակիցներին՝ նրանց աշխատանքից ազատելու մասին՝ աշխատավարձի վճարման վերաբերյալ մշուշոտ խոստումներ տալով: Մինչդեռ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում գործատուն պարտավոր է անմիջապես մարել աշխատավարձի պարտքերը:

Վերջին շրջանում «Նաիրիտի» աշխատավարձերը վճարելուց խուսափելու համար վարչապետ Աբրահամյանը պարբերաբար կրկնում է նաեւ, որ «արդար չի համարում», որ չաշխատող գործարանի ղեկավարության աշխատավարձը մեկ կամ երկու միլիոն դրամ կազմի: Այս կապակցությամբ եւս պետք է նշել, որ գործարանի ավելի քան 2000 հոգանոց անձնակազմից բարձր համարվող աշխատավարձ է ստանում շուրջ 170 մարդ, մյուսները մեծամասամբ նվազագույն, որոշներն էլ միջին աշխատավարձ են ստանում:

«Նաիրիտի» հետ կապված այս ողջ պատմությունն ավելի է խճճվում, քանի որ, բացի նրանից, որ գործարանը պետության եւ աշխատակիցների հանդեպ հսկայական պարտքեր ունի, այլեւ իրեն են պարտք: Մասնավորապես, 2009-ին ստեղծված «Նաիրիտ-2» ձեռնարկությունը դատարանի վճռի հմաձայն, 4 միլիարդ 15 միլիոն դրամ է պարտք «Նաիրիտին»:

Կառավարության դեմ ամիսներ շարունակ բողոքի ցույցեր անող նաիրիտցիներն իրենց աշխատավարձերը ստանալու համար հրաժարվում են դիմել դատարան, որովհետեւ մտավախություն ունեն, որ օրենքի համաձայն, դատական վեճում հաղթելու դեպքում գործարանը սնանկ կճանաչվի, իսկ իրենց՝ աշխատակիցներին կվճարվի ընդամենը 6 ամսվա պարտքը: Աշխատակիցներին, բացի սեփական գումարներից, հուզում է նաեւ գործարանի ճակատագիրը:

Ներկայումս իշխանությունները հերթական անգամ շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով փորձում են «Նաիրիտի» վերականգնման հույս ներշնչել: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ներկայումս կառավարությունը բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ՝ գործարանը վերագործարկելու նպատակով: Մասնավորապես, նախատեսվում է, որ ՀԲ-ը փետրվար-մարտ ամիսներին աուդիտորներ կուղարկի, որպեսզիի ուսումնասիրությունների արդյունքում որոշում կայացվի՝ արդյոք արժե՞ ներդրումներ անել «Նաիրիտի» վրա:

Բայց նույնիսկ գործընթացի հաջող ընթացքի դեպքում այն առնվազն մեկ տարի կտեւի, եւ աշխատակիցների աշխատավարձերի հարցը կմնա օդում կախված:

Այս պայմաններում նաիրիտցիները պատրաստակամություն են հայտնում պերմանենտ բողոքի ակցիաներ անցկացնել Կառավարության դեմ՝ պահանջելով պարտքերի անհապաղ մարում, աշխատանքից ազատման ծանուցագրերի չեղարկում: 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակվողը բերման է ենթարկվել. Մեր տեղեկություններով՝ նա Շմայսի վարորդն է եղել (լրացված)’