‘Նաիրիտցիները երեքշաբթի առավոտյան կսպասեն Սերժ Սարգսյանին ‘

1160

Այս պահին նախագահական նստավայրի մոտ հավաքվել են «Նաիրիտի» առնվազն 7 հարյուր ներկա եւ նախկին աշխատակիցներ՝ չվճարված աշխատավարձերի մարման պահանջով: iLur.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ասաց, որ այսօրվա ցույցի բազմամարդությունը պայմանավորված է նրանով, որ ցույցին են միացել նաեւ այն աշխատակիցները, ովքեր դեռեւս չեն ազատվել աշխատանքից, իսկ  աշխատանքային օրերին նրանք չեն կարողանում մասնակցել ակցիաներին: Նա նշեց նաեւ, որ որոշում է կայացվել բողոքի ցույցերն անցկացնել շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Առաջիկա երեքշաբթի նաիրիտցիները պատրաստվում են առավոտյան ժամը 9-ից հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Սերժ Սարգսյանին հանդիպելու նպատակով:
«Տեսնենք՝ կիջնի՞, կհանդիպի՞ մեզ հետ»,- նշեց Անուշ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային, նա տեղեկացրեց, որ քիչ անց ցուցարարները երթով կշարժվեն դեպի Կառավարություն, որտեղ էլ կավարտեն իրենց ակցիան:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց  առնվազն 18-20 ամսվա աշխատավարձերը:  

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք պետք չէ բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը մտադիր է առաջիկա տարիներին հրաժարվել աթոռից’