‘Նաիրիտցիները կպայքարեն ամեն օր’

1243

Նախագահական նստավայրի դիմաց դարձյալ բողոքի ցուցի էին հավաքվել «Նաիրիտի» աշխատակիցները:

Ցույցի ընթացքում նաիրիտցիները քվեարկությամբ որոշեցին շարունակել իրենց պայքարը ամենօրյա ակցիաների միջոցով:
Մինչ այդ գործարանի աշխատակիցների կողմից լիազորված հանձնաժողովի անդամներն առաջարկել էին ցույցերն անցկացնել 10 օրը մեկ՝ սպասելով հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին, սակայն նաիրիտցիները, առավել քան վստահ լինելով, որ բողոքի ալիքը նվազեցնելու դեպքում կառավարությունը կրկին աչքաթող է անելու իրենց խնդիրները, որոշեցին հավաքվել ամեն օր: Հանձնաժողովի ներկայացուցիչները նաև տեղեկացրին, որ երեկ երեկոյան հանդիպում է կայացել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Վերջինս վստահեցրել է, որ կառավարությունը չի հրաժարվում նաիրիտցիների պարտքի մարումից, բայց, միևնույն ժամանակ, պնդել է, որ կուտակված պարտքի գումարները պետք է գոյանան հենց «Նաիրիտ»-ի ունեցվածքի վաճառքի հաշվին: Խոսքը, հետագա վերագործարկման պարագայում՝ այլևս անպիտան սարքավորումները որպես գունավոր մետաղական հումք վաճառելու մասին է: Հաշվի առնելով, որ «Նաիրիտի» ամբողջ ունեցվածքը գրավադրված է միջպետական բանկում, Զախարյանի հավաստմամբ՝ բանակցությունները կողմերի միջև երկար են տևելու, ուստի աշխատավարձերի մարման ժամկետ նշելն անիրական է: Այդուհանդերձ, ինչպես մեզ հաղորդեց «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, Զախարյանը հավաստիացրել է, որ թե՛ կառավարությունը, թե՛ անձամբ ինքը հնարավոր ամեն ինչ անում են՝ գործընթացն արագացնելու համար: Երվանդ Զախարյանի խոսքով՝ նա իր աշխատանքային ժամերի մեծ մասը տրամադրում է բացառապես «Նաիրիտի» խնդրին:
Դա, իհարկե, գործարանի աշխատակիցներին մեծ հույսեր չներշնչեց, այդ պատճառով էլ որոշվեց չդադարեցնել բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը, ինչպես նաև գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան։

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա:

Փետրվարին աշխատանքից կազատվեն մոտ 2 հազար նաիրիտցիներ և կմնան մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք, իսկ չկոնսերվացվելու դեպքում այդ պարտքը սրընթաց աճում է և պարզ չէ, թե ով է այդ պարտքը վերադարձնելու:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Ելքը իշխանափոխությունն է և ժողովրդավարության հաստատումը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին’