‘Նալբանդյանը հանդիպել է Բուխգալտերի եւ Զանյերի հետ’

730

Դեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։ Նալբանդյանը շնորհավորեց շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։ 
Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում ԵԱՀԿ գալիք նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրված օրակարգի իրականացման գործում։ 
Նալբանդյանը հանդիպեց նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ։ 
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։ 
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

 

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի գործի նախաքննությունն ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չի ցավակցել Մանդելայի մահվան կապակցությամբ’