‘Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարին’

739

Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ 
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», — ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ կարևոր է առաջ մղել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա: Նալբանդյանը լեհ գործընկերոջը նաեւ տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Քննչական խումբը օֆշորային սկանդալի հետքերով մեկնել է Կիպրոս’