‘Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է համանախագահներին’

905

Հինգշաբթի օրը աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա — ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3 հազար անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը», — ընդգծել է Նալբանդյանը։

Նա վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նախորդ հոդվածը‘Պոլ Գոգենի կտավը վաճառվել է 300 մլն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» դարձել է աշխարհում առաջին ակումբը, որը պայմանագիր է կնքել Հռոմի Պապ Ֆրանցիսկի գլխավորած ընկերության հետ’