‘Նալբանդյանն էլ է դատապարտում շփման գծում լարվածությունը ‘

1340

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը:

Պատասխան. Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 1994թ. մայիսի` հրադադարի հաստատման և 1995թ. փետրվարի` հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնությունները, արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչերը` զերծ մնալու սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և միջազգային հանրության հորդորներն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության: Բաքվի հերթական արկածախնդրությունը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը:

Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա: Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը:

Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:

 

Նախորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգես.««Ռեալը» ինձ համար բարձրագույն մակարդակ է». (հարցազրույց) ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Եւս մեկ դիվերսիա սահմանին. Ադրբեջանական կողմից 1 զոհ կա’