‘Նալբանդյան. Ակնկալում ենք ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում’

2273

ԱԳՆ-ից փոխանցում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին եւ ելույթներ են ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Խոսելով Հայաստան – Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին՝ Նալբանդյանը նշել է, որ վերջին երկու տարիները բավականին հագեցած էին. «Մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ եւ կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME եւ Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաեւ «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել:

Կան նաեւ որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը եւ Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, եւ ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում»,- մասնավորապես ասել է Նալբանդյանը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի թատրոններն սպառնալիքներ են ստանում Թրամփ-Կեսարի կերպարով պիեսի համար’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Գյումրիում’