‘ Նալբանդյան. Իրավապահները պետք է դիմեն ԱԳՆ՝ Գյումրիի դեպքերի վերաբերյալ հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու հարցով’

961

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողին Հայաստանին հանձնելու հարցում իրավապահները կարող են դիմել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներին՝ վիճելի հարցերը համատեղ հանձնաժողովում քննարկելու եւ ընդհանուր լուծում գտնելու համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը 2014-ի ամփոփիչ ասուլիսն սկսեց Նոր տարվա առիթով շնորհավորանքներով, ապա անդրադարձավ Գյումրիի ողբերգությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր, թե ռուսաստանցի սահմանապահները պարտավոր էին ՀՀ իրավապահներին հանձնել Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, որը հայտնաբերվել էր հայ-թուրքական սահմանի մոտ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Պերմյակովը ձերբակալումից հետո տեղափոխվել է 102-րդ ռազմաբազա:

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է արձագանքել Հայաստանի ԱԳՆ-ը հայ-ռուսական պայմանագրերի դրույթների՝ նման կերպով խախտմանը, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նման դեպքերում, «ըստ ընդունված միջազգային կարգի»,  երկու երկրների իրավասու կառույցները պետք է դիմեն ԱԳՆ-երին՝ առկա հակասությունների հարցով:

«Եւ այդ ժամանակ ԱԳՆ-երը կբանակցեն  համապատասխան հանձնաժողով ստեղծելու մասին, որպեսզի այդ հարցերը լուծեն եւ կարգավորեն: Եթե այդ հանձնաժողովն ստեղծվում է, բայց չի գալիս համապատասխան արդյունքների, եւ կողմերն իրենց բավարարող լուծումներ չեն գտնում, հարցերը լուծվում են դիվանագիտական ճանապարհով», — նշեց Նալբանդյանը:

Նախարարը շեշտեց նաեւ, որ, թեեւ Գյումրիի դեպքերի վերաբերյալ հանրության վրդովմունքը եւ զայրույթը հասկանալի էր, այնուամենայնիվ, «տեղին չէ Գյումրիի ողբերգությունը կապակցել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետ»:

«Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ համատեղ ջանքերով ձգտելու ենք խորացնել դրանք», — ասաց նա:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ցաքուցրիվ մտքեր ամենասովորական մարդու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները բողոքի ցույցը կշարունակեն վաղը ‘