‘Նալբանդյան-Լավրով հանդիպման մանրամասներ’

1012

Նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը, Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելության հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից բանակցությունների համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում։ «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։ Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշել է նախարար Նալբանդյանը։
Զրուցակիցները արծարծել են Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։ 
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Երկուստեք կարևորվեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ի շանը շնորհակալագիր են հանձնել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Կուտակային կենսաթոշակի» օրենքը նոր միջին խավի դեմ’