‘Նալբանդյան. Հայաստանը շահագրգռված է մասնակցել Անիի պեղման աշխատանքներին’

3395

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 39-րդ գլխավոր համաժողովին։
Ելույթ ունենալով համաժողովի ընթացքում, Նալբանդյանն ասել է, որ որոշ պետություններ կրթությունն օգտագործում են հակադիր նպատակներով՝ դրա միջոցով ազգայնական ատելություն սերմանելով, հատկապես երիտասարդների շրջանում:

«Ադրբեջանի դասագրքերում բազմաթիվ նման օրինակներ կան. դրանցից մեկը երեխաներին սովորեցնում է, որ հայերն իրենց գենետիկ թշնամիներն են: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 2016թ. զեկույցում նշված է, որ «Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակել են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության մեջ արդարացիորեն ամրագրված է, որ «պատերազմները սկսվում են մարդկանց ուղեղներում»: Հասարակությունները պատրաստ չեն լինի հաշտեցմանը, եթե նրանց գիտակցության մեջ չամրագրվի խաղաղության պաշտպանության անհրաժեշտությունը», — նշել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանցի հայտնի վիպասան Աքրամ Այլիսլիի գրքերը կրակի մատնվեցին Բաքվի փողոցներում միայն այն պատճառով, որ նա ճշմարտություն էր ասել հայերի կոտորածների մասին և հաշտեցման կոչ էր արել:

Խոսելով պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին նախարար Նալբանդյանը նշել է. «Պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, Հայաստանը ձևավորել է այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի և համակեցության խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:
Մեր հարևանները տարբեր վերաբերմունք են ցուցաբերել հայկական պատմական ժառանգության պահպանման հարցում: Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ կերպով հոգ է տանում իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին՝ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի, որտեղ համամարդկային արժեք ունեցող բազմաթիվ մշակութային հուշարձաններ կորսվել են հավիտյան: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անին, իրականացվող պեղումներում և վերականգնման աշխատանքներում մեր մասնագետների մասնակցության հարցում»:

Նախորդ հոդվածը‘«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծում որոշ ձեւակերպումներ կփոխվեն’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը հայտարարել է «գրին-քարտի» տրամադրման գործընթացի մեկնարկի մասին’