‘Նախագահական ընտրություններից առաջ Իրանում «լռության օր» է’

963

Իրանում «լռության օր» է հայտարարված՝ հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այսօր արգելված է ցանկացած քարոզչական գործունեություն, որպեսզի ընտրազանգվածին հնարավորություն տրվի վերջնական որոշում կայացնել:

Ուրբաթ օրը իրանցիներն ընտրություն են կատարելու նախագահի պաշտոնի վեց թեկնածուների միջև: Պահապանների խորհրդի կողմից ընտրությանը մասնակցելու թույլտվություն ստացած ութ թեկնածուներից երկուսը  դուրս են եկել գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի համար մղվող ընտրապայքարից::

Պահպանողական ճամբարը լքել է Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ղոլյամ Ալի Հադադ Ադելը, ինչի արդյունքում այդ ճամբարից  մնացել է ընդամենը չորս թեկնածու՝ Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, իրանական միջուկային ծրագրի խնդրով գլխավոր «բանագնաց» Սայիդ Ջալիլին, Ընդունվող որոշումների քաղաքական նպատակահարմարության գծով խորհրդի (Իրանի գերագույն ղեկավարին առընթեր խորհրդակցական մարմին) քարտուղար Մոհսեն Ռըզային եւ Թեհրանի քաղաքագլուխ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը: Որպես անկախ թեկնածու, որը, սակայն, իր հայացքներով մոտ է պահպանողականներին, ընտրարշավին մասնակցում է նաեւ փոստի, հեռագրության եւ հեռախոսի նախկին նախարար Սայիդ Մոհամադ Գարազին:

«Ընտրությունները ժողովրդի կամքի դրսեւորումն են, նրա մասնակցությունը երկրի ճակատագրին»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ կոչ անելով իրանցիներին դրսեւորել իրենց  քաղաքացիական դիրքորոշումը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Խախտվում են Ազգային պատկերասրահի աշխատողի իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Լֆիկ Ալեքսանյանը էթիկայի կանոնները չի՞ խախտել (տեսանյութ)’