‘Նախագահի ընտրություններում առաջադրվեց Արամ Հարությունյանը’

1127

Մոտ երկու ժամ առաջ Հայաստանի նախագահի պաշտոնի հինգերորդ հավակնորդը` Արամ Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց փետրվարի 18-ի ընտրություններում առաջադրվելու փաստաթղթերը։

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը նախագահական ընտրապայքար է մտնում երրորդ անգամ։ 
Նրա գնահատմամբ, այս ընտրությունները եզակի են այն իմաստով, որ չկա ընդդիմադիր հաղթող թեկնածու:
«Շատ ժամանակ, երբ այդպիսի մեկը լինում է, ընտրողներն ասում են՝ մենք քեզ կտայինք, ուղղակի քանի որ ավելի մեծ շանս ունի այսինչը, մենք տալիս ենք նրան, որպեսզի փոփոխություն լինի, կամ հակառակը՝ որպեսզի փոփոխություն չլինի: Իսկ հիմա ձայները կբաշխվեն ըստ նախապատվությունների, եւ ես համոզված են, որ եթե իշխանությունները, ինչպես ասում են՝ համը չհանեն, երկրորդ փուլ հաստատ է լինելու», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հարությունյանը, — «Ես կուզենայի ես լինել [երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն], եւ ով էլ լինի ընդդիմադիր թեկնածուներից, ես կպաշտպանեմ նրան , եթե ես չլինեմ»:
Այդուհանդերձ, նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանին չի համարում իր հիմնական մրցակիցը:
«Եթե վարչական ռեսուրսը չաշխատի, չեմ կարծում, որ ինքը այդքան մեծ շանս ունի: Նաեւ մենք տեսանք, որ նախագահի հենարանը Սամվել Ալեքսանյանն է, Մհեր Սեդրակյանն է: Ինչի՞ համար պետք է ժողովուրդը ձայն տա Սերժ Սարգսյանին: Եթե առաջին 5 տարին տվել էին ավանսով, ապա մենք տեսանք, որ այդ ավանսը իրեն չարդարացրեց: Սերժ Սարգսյանը վատ նախարար չի եղել, բայց ինքը շատ վատ նախագահ է», — հայտարարեց նախագահի թեկնածուն:
Արամ Հարությունյանից բացի այս պահի դրությամբ հանձնաժողով փաստաթղթերն են հանձնել գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ Մհեր Հայրապետյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով որպես էպոսագետ է հայտնի: Այսօր առաջադրվելու է նաեւ «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Նախագահի աթոռի համար կրկին մտադիր է պայքարել Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նա, սակայն, փոխանցեց, թե քանի դեռ չի ներկայացրել փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ձեռնպահ կմնա մեկնաբանություններից:

Նախորդ հոդվածը‘«Zlataner»` նշանակում է գերիշխել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետի ունեցվածքի ցուցակը բաղկացած է 31 էջից’