‘Նախագահները քննարկել են ՄՄ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով Մինսկում անցկացվելիք հանդիպման հետ կապված հարցեր’

1381

Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օգոստոսի 26-ին Մինսկում կայանալիք՝ Մաքսային միության, Ուկրաինայի և Եվրամիության ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցեր: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամլո ծառայությանը: «Երկրների ղեկավարները քննարկել են օգոստոսի 26-ին Մինսկում Եվրոպական Միության ներկայացուցիչների մասնակցությամբ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերման և անցկացման հետ կապված հարցեր»,- տեղեկացրել են մամլո ծառայությունից:

Մաքսային միության երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս)  ղեկավարները երեքշաբթի հանդիպելու են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ: Հանդիպմանը նաև նեկա են լինելու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից հայտնել են, որ Մինսկ են ժամանելու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, առևտրի և էներգետիկայի գծով եվրահանձնակատարներ Կարել Դե Գյուխտը և Գյունտեր Էթինգերը: Պետությունների ղեկավարները կքննարկեն Մաքսային միության երկրների և Ուկրաինայի միջև հարաբերությունները՝ Կիևի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելու լույսի ներքո: Ռուսաստանյան կողմը ենթադրում է, որ կշոշափվի նաև Ուկրաինայի արևելքում աղետալի հումանիտար իրավիճակի թեման: 

Նախորդ հոդվածը‘El Mundo. Իսպանական գվարդիան Մարոկկոյի թագավորին մաքսանենգի տեղ է դրել’
Հաջորդ հոդվածը‘«2014-ի հայրենական պատերազմը»’