‘Նախագահ. Սեքսն ամոթալի բան չէ’

1770

Վրաստանը իրավական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ ենթադրաբար՝ ընդդիմության ներկայացուցչուհու վերաբերյալ համացանցում տարածված աղմկալի տեսակադրերի կապակցությամբ, երեքշաբթի հայտնել են Վրաստանի գլխավոր դատախազությունում:

Պարզելու համար այն երկիրը, որտեղից մարտի 11-ին և 14-ին համացանցում ներբեռնվել են տեսագրությունները, ինչպես նաև համապատասխան օգտատիրոջը հայտնաբերելու համար Վրաստանը IP հասցեների մասին տեղեկություններ է խնդրել Youtube, Facebook և Google սերվերներից:

Սկանդալային տեսանյութերը տեղական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել և շատ արագ արգելափակվել են, սակայն մի քանի օր անց համացանցում նոր տեսագրություն է հայտնվել՝ մի քանի քաղաքական գործիչների և մի լրագրողի վերաբերյալ նոր վիդեոկադրեր հրապարակելու սպառնալիքով, եթե նրանք չհրաժարվեն իրենց մասնագիտական գործունեությունից: Այս ամենը վրդովմունքի ալիք է բարձրացրել Վրաստանում: Անցած ուրբաթ կառավարության գրասենյակի մոտ տեղի է ունեցել «Ո՛չ շանտաժին» ակցիան, իսկ երկուշաբթի հայտնի հեռուստահաղորդավարուհի Ինգա Գրիգոլիան հայտարարել է, որ ինքը նրանցից մեկն է, ում սպառնում են տեսանյութերի հրապարակմամբ: Ի պատասխան այդ սպառնալիքների՝ լրագրողուհին հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Ես՝ Ինգա Գրիգոլիաս, կին եմ, դուստր, մայր և ընկեր: Ես արտակարգ սիրեկան ունեմ, ես սեքսով եմ զբաղվում և մտադիր եմ այդպես էլ շարունակել ապրել: Իսկ ձեզ, որ սպառնում եք հրապարակել իմ անձնական կյանքը և պահանջում եք, որ ես հեռանամ երկրից, խոստանում եմ, որ կզոհաբերվեմ՝ հանուն իմ և մյուսների իրավունքների պաշտպանության և ամեն ինչ կանեմ, որպեսզի դուք երկար ժամանակով հայտնվեք բանտում»:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին տեսակադրերի հրապարակումն անվանել է մութ ուժերի կողմից կատարված ահաբեկչության փորձ: Նա հայտարարել է, որ սեքսը և սեռական կյանքն ամոթալի բան չեն: «Անձամբ ես սեռական կյանք ունեմ, ունեցել եմ չափազանց հարուստ սեռական կյանք և ապագայում էլ կունենամ, և իմացեք, որ անկախ ձեր քաղաքական հայացքներից կամ աշխարհայացքից՝ ես միշտ ձեր կողքին եմ և միշտ կպաշտպանեմ ձեզ»,- ասել է Մարգվելաշվիլին՝ դիմելով նրանց, ում սպառնում են շանտաժով:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ ‘
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’